Երևանում գործելու է մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակելու համար ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Եվրախորհրդի աջակցությամբ և այս փոփոխությունները բխում են սահմանադրական փոփոխություններից:
Ըստ առաջարկված նախագծի՝ Երևանում գործելու է մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2019 թվականից ստեղծվելու է սնանկության դատարան, որը քննելու է ոչ միայն սնանկության գործերը, այլ նաև սնանկության վարույթի հետ սերտորեն առնչություն ունեցող քաղաքացիական ցանկացած գործ: Ինչպես նաև՝ վերանալու է Դատարանների նախագահների խորհուրդը:
Խստացվելու են նաև դատավորներին ներկայացված պահանջները:
«Նախատեսվել է, որ դատավորի պաշտոնի թեկնածուները պարտավոր են օտար լեզուների իմացություն ցուցաբերել: Ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներից առնվազն երկուսի վերաբերյալ նրանք պետք է բավարարեն այն պահանջներին, որը կսահմանի Բարձրագույն դատական խորհուրդը: Սա առաջին անգամ է, երբ պետական պաշտոնատար անձանց համար մենք սահմանում ենք նման պահանջ, բայց համարում ենք, որ հետզհետե այդ պահանջը պետք է ընդլայնվի նաև այլ պաշտոններում նշանակման համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նախագծով տարանջատվել են նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և դատավորների լիազորությունների դադարեցման վարույթները: