211652_close_icon
views-count2204 դիտում article-date 21:54 29-11-2017

Գերմանիայի Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում միացյալ համերգով հանդես են եկել Յենայի և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկները

Նոյեմբերի 25-ին ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում միացյալ համերգով հանդես եկան Յենայի ֆիլհարմոնիկը և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր: Համերգի մեկնարկին ներկաներին ողջունեցին Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպան Սմբատյանն իր խոսքում նշեց. «2016թ. սեպտեմբերին հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակներում, Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բարձր հովանո ներքո Յենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես էր եկել Երևանում: Իսկ այսօր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատասխան համերգով հանդես է գալիս Գերմանիայում: Այսօրինակ համերգային ծրագիրը ևս մի կարևոր միջոց է` միտված երկու երկրների միջև արդեն կայացած մշակութային համագործակցության և հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայմանը: Հպարտ եմ, որ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկն իր բարձրորակ կատարողական արվեստը կներկայացնի գերմանացի խստապահանջ հանդիսատեսին»: Համերգային ծրագրում հնչեցին Չայկովսկու, Միրզոյանի և Շոստակովիչի ստեղծագործությունները, որոնց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին:

Նմանատիպ նյութեր