211652_close_icon
views-count1774 դիտում article-date 13:08 09-09-2015

«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով

Սեպտեմբերի 5-ին «Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգով: Նվագախումբը ղեկավարում էր բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը: Համերգը կայացավ իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի Սինոպոլի դահլիճում: Համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Նախքան համերգի մեկնարկը Սինոպոլի լեփլեցուն դահլիճում հանդիսատեսներին ողջույնի խոսքով դիմեց Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա կարևորեց երաժշտության դերը համամարդկային արժեքների շուրջ համախմբման գործում՝ նշելով, որ «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»: Դեսպանը հավելեց, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է: Համերգի ժամանակ հնչեցին Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Դվորժակի ստեղծագործությունները: Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իտալացի մշակութային և հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը լայնորեն անդրադարձան իտալական առաջատար մամուլն ու հանրային հեռուստատեսությունը: [img]/ups/images/0176266001441786527699924.jpg[/img]

Նմանատիպ նյութեր