Երևանի քաղաքապետը հանդիպել է Գերմանիայի Յենա քաղաքի քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Յենա քաղաքի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Երևանում են Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների անցկացման նպատակով: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Ընդգծելով հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, որում մեծ է երկու երկրների դեսպանների դերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի նաև երկու պետությունների քաղաքների միջև գործնական կապեր հաստատելու հարցում:
«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության ծրագրերը քույր և գործընկեր քաղաքների հետ, որոնց շրջանակում իրականացվում են ոչ միայն փոխշահավետ ծրագրեր, այլև էլ ավելի են ամրապնդվում կապերը տվյալ քաղաքներում ու մայրաքաղաքներում գործունեություն ծավալող հայ համայնքների հետ:
Ըստ այդմ, մենք կարևորում ենք համագործակցության ծրագրերի իրականացումը նաև գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ ձեր այցելությունը կլինի հաճելի և հետաքրքիր ու Երևան քաղաքից կմեկնեք լավ տպավորություններով», - ընդգծել է քաղաքապետը: