211652_close_icon
views-count12852 դիտում article-date 08:48 25-11-2017

Աննախադեպ հռչակագիրը` թակարդ Ալիևի համար. Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովների ընթացքում»: Ուշագրավ է, սակայն, որ գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրն ընդունել է վերապահումներով: Թե ո՞րն է խնդիրը, պաշտոնական լրահոսը չի հայտնում: ԵԺԿ-ում «168 ժամի» աղբյուրները հաղորդում են, որ վերապահման պատճառը որևէ առնչություն չունի Ղարաբաղյան խնդրին, այլ այն պայմանավորված է հռչակագրում Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններին վերաբերող մասով, մասնավորապես` Արևելյան գործընկերության որոշ երկրների հետ ունեցած կոնֆլիկտների հետ կապված Ռուսաստանին վերաբերող գնահատականներին: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այսինքն` դա դառնում է ԱլԳ շրջանակներում հանդիպող պետության ղեկավարների սեփական կուսակցությունների քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս տեսնակյունից այն շատ կարևոր է և ավելին է, քան այն, ինչ արձանագրված է անգամ ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Թերևս այն խոսակցությունների պատկերին, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության առանձին դրույթ ունենալ և դա նույնացնել ուկրաինական, վրացական, մոլդովական և կատալոնական հակամարտությունների հետ, բնականաբար, սա արդեն կանխարգելիչ նշանակություն ունեցավ»: Ըստ նրա` Ալիևը մի բան հրաշալի է հասկանում` Հայաստանն իրենից առաջ է անցել ԵՄ հետ բանակցություններում, մեր պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և այն վերաբերում է անվտանգության խնդիրներին լայն առումով` սկսած գլոբալ անվտանգությունից, վերջացրած Ղարաբաղյան հակամարտությամբ. «Եվ այդ ձևակերպումները, որոնք արդեն իսկ համաձայնեցրել են հակամարտության մի կողմի` Հայաստանի հետ, բնականաբար, ավտոմատ ազդելու են Ադրբեջան-Եվրամիություն բանակցվող համաձայնագրի վրա, որովհետև ԵՄ-ն, ուզենք, թե չուզենք, նույն մոտեցումներն է շարադրելու և ոչ թե ուրիշ բան, որ Իլհամ Ալիևը պատկերացնում է: Ալիևը սրտի խոր կսկիծով պարտադրված է դառնում վերադառնալ քաղաքական կարգավորումների դաշտ, գոնե քաղաքական մոտեցումների շրջանակում: Սա բավականին նեղացնում է Ալիևի դաշտը խնդիրը ռազմական եղանակով լուծելու առումով, որովհետև մենք գործ ունենք 28 պետություն գումարած ԱլԳ 6 պետությունների դիրքորոշումների հետ»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` ԵԺԿ հռչակագիրն աննախադեպ է. «Ոչ մի քաղաքական փաստաթղթում նման համապարփակ գնահատականներ, որ կվերաբերեին և՛ Մինսկի խմբի համանախագահներին աջակցությանը, և՛ 1994թ. հրադադարի պահպանմանը, և՛ 3 սկզբունքներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշմանը, և՛ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթնաժողովներին, այս պահի դրությամբ չկան, որևէ այլ փաստաթղթում գրված չեն այն սկզբունքները, որոնց շրջանակներում խնդրի կարգավորման գործընթացը պետք է ընթանա: ԵԺԿ այս հռչակագիրը դրանով է կարևորվում, որ իր մեջ ներառել է վերջին զարգացումների հետ կապված բոլոր սկզբունքները, մոտեցումներն ու բանաձևերը: Սա շատ կարևոր է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր