211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Lexus»-ը. վերջինը կողաշրջվել է. 9 վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count10834 դիտում article-date 15:55 08-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել  են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Ներսիսյանն ու Ջեմմա Երանոսյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր երեխաներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և նրանց տեղափում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախումը։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր