211652_close_icon
views-count3097 դիտում article-date 18:10 22-11-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը Beeline-ի տնօրենին հանձնեց Արգենտինայում տրված մրցանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին և «Վեոն» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկին: Հոկտեմբերի 9-21-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մոդերնիզացիայի նախարարության հովանու ներքո անց է կացվել Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովը, որի շրջանակում տեղի ունեցած տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությանը հայկական «ԱրմենՏել» (այժմ «ՎԵՈՆ Արմենիա») ընկերությունը ստացել է «Արևելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար ընկերություն» մրցանակը: Բուենոս Այրեսում արարողության ժամանակ մրցանակը ստացել էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը: Այսօր նախարար Վահան Մարտիրոսյանն այն փոխանցեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին: «Ուրախ ենք, որ հայկական ընկերությունը նման բարձր մրցանակի է արժանացել: Իհարկե, այն օպերատորին պարտավորեցնում է է՛լ ավելի մեծ ջանքեր գործադրել զարգանալու և բաժանորդներին առավել որակյալ ծառայություններ տրամադրելու համար»,- շնորհավորելով ընկերությանը մրցանակի կապակցությամբ` նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը: «Շատ ուրախ ենք այս մրցանակին արժանանալու համար: Շարունակելու ենք մնալ առաջատար և մեր հայաստանյան բաժանորդներին նոր, որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցել»,- ասաց Անդրեյ Պյատախինը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև ընկերության ընթացիկ ծրագրերը: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչու չի իրականացվել ընկերության կողմից խոստացված 2017 թվականի ներդրումների ամբողջ ծավալը: Դրան ի պատասխան՝ «Վեոն» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկը նշեց, որ ֆիքսված ձայնային ծառայությունների պահանջարկի անկման հետևանքով Հայաստանում ընկերության եկամուտները տարեցտարի ընկնում են: Չնայած դրան, իրենք շարունակում են հետաքրքրված մնալ Հայաստանի շուկայով և ներդրումներ կատարել: Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ պետությունը ստեղծում է համապատասխան պայմաններ ներդրումներ կատարելու համար, ուստի ընկերության ներկայացուցիչներին հորդորեց մեծացնել ներդրումների ծավալները: «Վեոն» ընկերության ներկայացուցիչներն անդրադարձան են նաև «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների անհրաժեշտությանը` նկատի ունենալով ոլորտի արագ զարգացումը: Նախարարն իր հերթին կարևորել է 2004 թվականին ընդունված օրենքի վերանայումն ու համապատասխանեցումը ներկա պահանջներին: Քննարկվեցին նաև ընկերության կողմից երկրի հեռավոր բնակավայրերում կապի նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացին առնչվող խնդիրներ: Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկեց ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել, մասնավորապես, աջակցել ստարտափ ընկերություններին, բուհերում ստեղծել լաբորատորիաներ, որտեղ կդասավանդեն ընկերության մասնագետները: Անդրեյ Պյատախինը նշեց, որ եկող տարվանից սոցիալական պատասխանատվության նոր ուղղություն են որդեգրելու, որը վերաբերելու է ՏՀՏ ոլորտի ստարտափերի աջակցությանը: Սրանով ցանկություն ունեն աջակցելու Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ու երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր