211652_close_icon
views-count4643 դիտում article-date 19:49 20-11-2017

Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգում «Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորմանը վերաբերող հարցերն էին: Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ներկայացնելով 2018թ.-ի բյուջեով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, նշել է, որ գալիք տարում գյուղատնտեսության բնագավառի ծախսը կկազմի 4մլդ 978մլն 874հազ դրամ: Նախարարը նաև խոսել է ոլորտում նախատեսվող երկու նոր ծրագրերի մասին, որոնցից առաջինն ուղղված է լինելու արոտավայրերի վերականգնմանն ու անասունների վերահսկողությանը և երկրորդը՝ անասնաբուժական կայանների համար լաբորատոր սարքերի ձեռքբերմանը: Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝ գալիք տարվա բյուջեով ոլորտին հատկացվելիք գումարը նախատեսվում է 13մլդ 200մլ դրամ: Ներկայացնելով 2018թ.-ին սպասվող փոփոխությունների մասին՝ նախարարը նշել է, որ հանրապետությունում ճանապարհաշինարարական գործունեություն իրականացնող «Արցախուղի» ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների, որոնց ղեկավարումը վերապահվել է շրջանային վարչակազմերին: Դրանք զբաղվելու են ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցելով և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ արդեն ստեղծվել Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի և Շուշիի ընկերությունները «Քաղաքաշինության նախարարությունը այսուհետ կիրականացնի միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների սպասարկման և պահպանման աշխատանքները», -նշել է Կարեն Շահրամանյանը: Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության 2018թ. ծախսը, ըստ նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացման, կկազմի 558մլն 196 հազ դրամ: Նախարարությունը նախատեսում է իրականացնել 14 ծախսային և 1 եկամտային միջոցառում: Ներկայացնելով բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտի 2018թ.-ի բյուջեն՝ նախարար Վազգեն Միքայելյանը նշել է, որ այն կկազմի 181մլն 596հազ դրամ: Գալիք տարում նախարարության ծրագրային դրույթներից է լինելու հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և դրան կից մի շարք ենթածրագրերի իրականացումը: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացմամբ ոլորտի 2018թ.-ի ծախսը կկազմի 171 մլն դրամ: Նրա խոսքով՝ ոլորտի կողմից բյուջեում կատարած մուտքերն ավելացել են մոտավորապես 500 մլն-ով, այսինքն՝ գալիք տարի նախատեսում է 950 միլիոն դրամի մուտք պետական բյուջե: Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի գործունեության մասին տեղեկություններ է ներկայացրել Իրինա Սառաջյանը: Հիմնադրամին գալիք տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսը կկազմի 1 մլդ 667մլն 300 հազ դրամ: Արցախի ներդրումային հիմնադրամին, ըստ գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացման, 2018թ. պետական բյուջեով կհատկացվի 2մլդ 500 մլն դրամ: Հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել է նաև ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: 2018թ. պետական բյուջեի քննարկումները վաղը՝ նոյեմբերի 21-ին, կշարունակվեն ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր