211652_close_icon
views-count2929 դիտում article-date 23:12 27-10-2017

Կայացել է Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև հատուկ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Հոկտեմբերի 25-ին Աթենքում տեղի ունեցավ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև հատուկ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, իսկ հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխնախարար Յաննիս Ամանատիդիսը: Հանդիպմանը մասնակցեց նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հանդիպման օրակարգում էր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների առաջմղման ուղիների քննարկումը: Երկուստեք գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունների կապակցությամբ՝ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք օգտագործման և տնտեսական հարաբերությունները ևս նույն մակարդակին հասցնելու համար: Ողջունելով հայկական կողմին՝ փոխնախարար Ամանատիդիսն ընդգծեց, որ Հունաստանը հետամուտ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջմղման հարցում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու միջոցով: Նա հույս հայտնեց, որ այս հատուկ աշխատանքային խումբը կնպաստի առևտրատնտեսական ոլորտում հեռանկարային ուղղությունների ուրվագծմանը: Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժևորեց երկու երկրների միջև տնտեսական ոլորտում առկա իրավապայմանագրային ամուր հենքը և ներկայացրեց հայ-հունական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավոր ուղղություններ, որոնց թվում են Հայաստանում բացվող ազատ առևտրի գոտիների աշխատանքներում հունական ընկերությունների ներգրավումը, Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի հետ Հունաստանի համագործակցության ակտիվացումը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում ընձեռնված ներուժի օգտագործումը («Հորիզոն 2020», GSP+, COSME): Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Երևանում 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք «Բիզնես ֆորումին» հունական ձեռնարկությունների մասնակցության, երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ համաժողովի, ինչպես նաև հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր