211652_close_icon
views-count4178 դիտում article-date 20:40 26-10-2017

Ավագ դպրոցներում պիտի ուսուցանվի արևմտահայերենը՝ արևմտահայ գրականությանը զուգահեռ. Հրանուշ Հակոբյան

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարության նախաձեռնությամբ, Լիբանանում ՀՀ դեսպանության, Լիբանանի Հայկազյան համալսարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ տեղի ունեցավ արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման, կանոնակարգման ռազմավարության և հեռահար ուսուցման վերաբերյալ տեսաժողով: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ինստիտուտի գիտաշխատողներ Հակոբ Չոլաքյանը և Անի Ֆիշենկճեանը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախագահ Երվանդ Զորյանը, տնօրեն Հասմիկ Խալափյանը, համալսարանի սիրահայ մանկավարժ Զեփյուռ Խաբլիկյանը, Հիբրիտ ծրագրի ղեկավար Արփինե Թավաքալյանը, վարչական գծով տնօրեն Գառնիկ Սևոյանը, Մատենադարանի գիտաշխատող Միհրան Մինասյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանիի Բանասիրական ֆակուլտետի հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Քնարիկ Աբրահամյանը, իրաքահայ հասարակական գործիչ Վարանդ Պետրոսյանը, «Հայերն այսօր» էլեկտրոնային կայքի արևմտահայերենի թարգմանիչ Սոսի Ավագյանը: Քննարկմանը Լիբանանից հեռակապով մասնակցում էին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը, Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, Հայ ավետարանական քոլեջի տնօրեն Արմեն Յուրնեշլյանը: Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մենք մշակում ենք արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման, կանոնակարգման ռազմավարություն, և այսօր մեր նպատակը բոլոր այն առաջարկների, տեսակետների, ծրագրերի համախմբումն է, որոնք կօգնեն ամբողջացնել և ստեղծել մեկ հիմնական, միասնական ռազմավարություն: Այսօր Հայաստանի պետական, ակադեմիական շրջանակներում այս հարցն առաջնային է, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, պետական կառույցները, անհատ նվիրյալները, մասնագետները զբաղվում են արևմտահայերենի պահպանման, զարգացման հիմնախնդիրներով, և ես ուրախ եմ, որ այդ աշխատանքներում ներգրավված են նաև սփյուռքահայ դասախոսներ, ուսուցիչներ, ոլորտի գիտակներ: Այսօր արևմտահայերենը պետության հոգածության ներքո է»: Նախարարն ընդգծեց, որ Սփյուռքում անաղարտ արևմտահայերենը պիտի կիրառելի լինի և՛ դպրոցում, և՛ ընտանիքում, և՛ համայնքային կյանքում: «Հայաստանում ևս պիտի պատրաստվեն արևմտահայերենի մասնագետներ, ավագ դպրոցներում պիտի ուսուցանվի արևմտահայերենը՝ արևմտահայ գրականությանը զուգահեռ»,-նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը բարձր գնահատեց նման տեսաժողովների կազմակերպումը և պատրաստակամություն հայտնեց՝ նպաստելու համայնքում լեզվի պահպանմանը և զարգացմանը: Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը իր պատրաստակամությունը հայտնեց անդամակցելու ԳԱԱ լեզվի ինստիտուտում ստեղծված՝ արևմտահայերենի պահպանմանն ուղղված աշխատանքներ իրականացնող աշխատանքային խմբին և ներկայացրեց թեմայի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Հայ ավետարանական քոլեջի տնօրեն Արմեն Յուրնեշլյանն ընդգծեց արևմտահայերեն մանկապատանեկան գրականության, ֆիլմերի, մուլտֆիլմերի սակավության հարցը: «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ այսօր կարիք կա նաև արևելահայերեն և արևմտահայերեն մասնագիտական բառապաշարների մերձեցման և զարգացման: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրեց Վիրտուալ համալսարանի գործունեությունը և արևմտահայերենի տարածման և զարգացման հնարավորությունները հեռահար ուսուցման միջոցով: «Արդեն 20 տարի աշխարհում լայնորեն կիրառվում է էլեկտրոնային ուսուցումը: Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ մենք 2004 թվականից սկսեցինք զբաղվել հեռահար ուսուցմամբ՝ ներկայացնելով հայերենը՝ իր երկու ճյուղերով, հայոց պատմությունը, մշակույթը, իսկ ահա վերջերս լայն տարածում գտան նաև շախմատի առցանց դասընթացները: Մինչ օրս ունեցել ենք շուրջ 23 հազար ուսանող, և 35 հայկական դպրոցներ արդեն իսկ օգտվում են մեր դասընթացներից: Ունեցել ենք 7-ից մինչև 83 տարեկան ուսանողներ»,- նշեց Երվանդ Զորյանը: Հայկական վիրտուալ համալսարանը իրականացնում է նաև արևմտահայերենի պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ դասընթացներ անհատների համար, ուսումնական ծրագրեր դպրոցների համար, մշակութային միջոցառումներ, էլեկտրոնային գրքեր և այլն: «Մենք բովանդակությանը համադրում ենք նաև հաղորդակցությունը: Սրանք ուսուցման գործընթացի անբաժան մասերն են: Եվ ես շատ ուրախ եմ, որ ուսանողներ ունենալով Եգիպտոսից մինչև ԱՄՆ, մենք նաև ստեղծում ենք մեծ մի ցանց, որտեղ տարբեր համայքների հայերը կարող են ծանոթնալ, մտքեր փոխանակել, նոր ծրագրեր ստեղծել»,-ընդգծեց Զորյանը: Ելույթներ ունեցան նաև Մատենադարանի գիտաշխատող Միհրան Մինասյանը, իրաքահայ հասարակական գործիչ Վարանդ Պետրոսյանը, «Հայերն այսօր» էլեկտրոնային կայքի արևմտահայերենի թարգմանիչ Սոսի Ավագյանը:

Նմանատիպ նյութեր