211652_close_icon
views-count4429 դիտում article-date 10:51 25-10-2017

Մարդկանց մի մասը ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ սարսափելի և ֆանտաստիկ բաներ է տեսնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեկ ամսից` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կստորագրվի (կամ չի ստորագրվի) Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն կարող է ստորագրվել նաև ասենք, նոյեմբերի 25-ին, 26-ին կամ մինչև այս տարվա վերջ: Ժամկետների վերաբերյալ կասկածներ կան այն պատճառով, որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը, ի վերջո, նվիրված չէ Հայաստանին: Համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել, երկկողմանի է և ուղղակիորեն չի մտնում գագաթնաժողովի օրակարգի մեջ: Այլ քաղաքական կամ նույնիսկ տեխնիկական խնդիրներ, կարծես թե, չկան: ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը, համենայնդեպս` հրապարակավ, չի արտահայտվել այդ համաձայնագրի դեմ: Հակառակը` դրական ուղերձները բազմաթիվ են: Ադրբեջանը և Թուրքիան, բարեբախտաբար, ԵՄ անդամ չեն: Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, ըստ երևույթին, համաձայնագրից հետաքրքրում էր մի կետ, որը վերաբերում է պետությունների տարածքային ամբողջականությանը, և այդ հարցը կարծես թե լուծված է, ինչպես ասում են, փոխզիջումային տարբերակով: Ռուսաստանին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, դուր չի գալիս, և դրա ապացույցն է ռուսաստանյան քարոզչության տեղացի ներկայացուցիչների ակտիվ հակազդեցությունը, բայց դարձյալ պետք է ենթադրել, որ բարձրագույն ղեկավարության մակարդակով այդ հարցը լուծված է: Սակայն այդ ամենը ժամանակավորապես մի կողմ թողնելով` փորձենք հասկանալ` իսկ մեր հասարակությունը շահագրգռվա՞ծ է ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակի սերտացմամբ: Այս հարցին ես միանշանակ պատասխան չունեմ: Զուտ աչքաչափով կարող եմ ասել, որ մեծ մասին դա բացարձակապես չի հետաքրքրում: Հասարակության որոշակի մասը գտնվում է ռուսաստանյան արդեն հիշատակածս քարոզչության ազդեցության տակ և ամեն մի նման քայլի մեջ ինչ-որ սարսափելի և ֆանտաստիկ բաներ է տեսնում: Հասարակության մի հատված էլ հասկանում է, որ համաձայնագիրը կարևոր է, բայց համադարման չէ, և առանց մեր` ՀՀ քաղաքացիներիս կամքի կմնա թղթի վրա: Բանն այն է, որ Բրյուսելի հետ համագործակցության մեխանիզմները շատ յուրահատուկ են. այս դեպքում քեզ ոչ միայն ոչ մի բան չեն պարտադրի, այլև կարող են ոչինչ էլ չառաջարկել: Այնպես որ` նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո ամեն ինչ կախված է լինելու մեր` Հայաստանի նախաձեռնությունից: Հետաքրքիր է այդ պրոցեսի նկատմամբ իշխող կուսակցության վերաբերմունքը: Բարձր մակարդակով կարծես թե ասվում է, որ Եվրոպան մեր քաղաքակրթական ընտրությունն է: Սակայն այդ կուսակցության մի շարք հայտնի անդամներ և կողմնակիցներ, ինչպես նաև լրատվամիջոցներ, այդ տեսակետը կարծես թե չեն կիսում: Դա հավանաբար պետք է համարել հայկական ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր