211652_close_icon

«Մանկավարժականը» դատարանից պահանջում է բռնագանձել 50 մլն դրամ. «Հայկական ժամանակ»

views-count5329 դիտում article-date 10:07 24-10-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով: Այդ ուսանողները տարբեր տարիների բուհ են ընդունվել, անվճար սովորել, որպեսզի հետագայում՝ որպես ուսուցիչ, աշխատանքի անցնեն այն դպրոցներում, որոնք ունեն տվյալ մասնագետի կարիքը, և որոնց հետ ի սկզբանե կնքել են պայմանագիր: Բայց ուսումնառության ավարտից հետո մեծ մասը հրաժարվել է ստանձնած պայմանագրային պարտավորություններից և չի դիմել դպրոց: Որոշ դեպքերում էլ դպրոցն է խախտել պայմանագիրը և մերժել շրջանավարտին ապահովել նախապես խոստացված աշխատանքով: Երկու դեպքում էլ բարձրագույն ուսումնական հաստատությունը դատական գործընթաց է սկսում: Նպատակային տեղերում կրթությունը անվճար է: Այսինքն՝ պետական պատվերով: 4 տարի սովորած ուսանողից կամ նրան աշխատանքի ընդունել հրաժարված դպրոցից բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է նվազագույնը՝ 800 հազար, առավելագույնը՝ 1 միլիոն 600 հազար դրամ: Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանից տեղեկացանք, որ վերջին տվյալով կա 42 դատական գործ, որից 6-ով կայացված վճիռներով գումարները բռնագանձվել են: Նրա փոխանցմամբ՝ դատական հայցեր ավելի հաճախ ներկայացվում են ուսանողների դեմ: «Հայցերը կարող են լինել կամ սովորողի, կամ դպրոցի դեմ՝ կախված նրանից, թե ով է խախտել իր ստանձած պայմանագրային պարտավորությունը: Բայց հիմնականում ուսանողների դեպքերն են: Մարզպետարանից հարցումներ ենք անում՝ շրջանավարտն աշխատո՞ւմ է, թե՞ չէ, եթե չէ, ինչո՞ւ չի աշխատում: Մեզ տալիս են տեղեկանքներ, որ նա չի դիմել այդ դպրոց կամ որ դիմել է, բայց դպրոցը չի ընդունել: Եթե դպրոցը չի ընդունել, մենք դատական հայցը իր դեմ ենք ուղղում, իսկ եթե ուսանողը չի գնացել՝ ուսանողի: Վճիռ կայացված վեց դեպքերում հիմնականում ուսանողները չեն գնացել աշխատելու նպատակային հայտ ներկայացրած դպրոցներում»,- ասաց իրավաբանը: Նպատակային տեղերում սովորողների կրթության համար փոխհատուցում է պետական բյուջեն: Բայց խնդիրներ առաջանալու դեպքում որպես հայցվոր հանդես է գալիս համալսարանը: Բռնագանձված գումարը վերադարձվում է պետական բյուջե: Վերոնշյալ 42 դատական հայցի դեպքում խոսքը վերաբերում է մոտավորապես 50 միլիոն դրամի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր