5847 դիտում
18:30 28-09-2017
Հրաչյա Ռոստոմյան. Հաջողության չհասած մարզիկները կզորակոչվեն բանակ
«Շնորհավորում եմ բոլորիս Լևոն Արոնյանի հիանալի հաղթանակի կապակցությամբ: ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Հույս ունեմ՝ ի վերջո Լևոնը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին.
«Մեր թիրախային խնդիրներից մեկը եղել է սպորտի մասսայակայանցումը, որին ուղղված ծրագրերին մասնակցողների թիվը մոտ երկու անգամ աճել է: Բացօթյա մարզումներ ենք անցկացնում Երևանում,Աբովյանում, Հրազդանում, Գյումրիում: Չինաստանի դեսպանատան հետ համատեղ Վանաձորում ավարտել ենք մարզահրապարակի կառուցումը:
Մինչև տարեվերջ երկու քաղաքում պատրաստ կլինեն սպորտային հրապարակները: Այս տարի բացվեցին Օլիմպավանի լողավազանը և խաղային երկու դահլիճները: Կառավարությունից ստացել ենք 668 հանձնարարական, որից 615-ը կատարել ենք ամբողջությամբ և որակով, իսկ մյուսներն ընթացքի մեջ են:
Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, դեռևս առկա են 2008 և 2012 թթ. օլիմպիական խաղերում ծանրորդների դոպինգի օգտագործման պատճառով առաջացած խնդիրները.
«2012 թվականից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ստեղծվեց հակադոպինգային կենտրոն, որն այսօր Արևելյան Եվրոպայի առաջատար կազմակերպություններից է: 2013 թ-ից սկսած մեր բոլոր առաջատար մարզիկների մոտ դոպինգ թեստերը դրական արդյունք չեն տվել:
Սպասում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստին, որտեղ քննարկվելու է այս տարվա աշխարհի առաջնությունում նաև Հայաստանի մասնակցության հարցը: Այնպես որ, վտանգ դեռ կա»:
Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հետ քննարկել են մարզիկների զինվորական ծառայության հարցն ու գտել տարբերակ.
«Մարզիկները ստանալու են չորս տարվա տարկետում: Նրանք այդ ընթացքում պետք է ավելի լավ և նպատակաուղղված մարզվեն, կարողանան միջազգային հարթակներում մեդալներ նվաճել, որպեսզի տարկետման իրավունքը ևս չորս տարով երկարաձգվի:
Այն մարզիկները, որոնք այդ ընթացքում չկարողանան մեդալ նվաճել, կամ Եվրոպայի առաջնություններում զբաղեցնել առնվազն 5-րդ տեղը՝ կզորակոչվեն բանակ:
Օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները, աշխարհի չեմպիոնները, այսպես ասած, համարվում են որպես զինվոր, որոնք իրենց պարտքը հայրենիքի առջև կատարել են»:
Նախարարը նշեց, որ շուտով կկարգավորվի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցը, որը վերանորոգման ենթակա չէ.
«Կոսմետիկ նորոգումն անիմաստ է: Պետք է նոր կենտրոն կառուցել անհրաժեշտ բոլոր պայմաններով: Շուտով պատրաստ կլինի շինության գծագիրը, որը կներկայացվի ՀՀ նախագահին: Հավանության արժանանալու դեպքում հաջորդ տարի կսկսվի կառուցումը», - տեղեկացրեց Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարի խոսքով, սխալ է այն կարծիքը, թե հայ մարզիկները փայլում են միայն մենապայքարային մարզաձևերում.
«Իհարկե, Հայաստանում հնարավոր է զարգացնել խաղային մարզաձևերը: Պարզապես հարկավոր է սրտացավ վերաբերմունք և պրոֆեսիոնալ մոտեցում: Բասկետբոլի օրինակով մենք դա ապացուցեցինք: Պետք չէ ափսոսալ մարզչին վճարվող մեծ գումարը, քանի որ մարզչի դերը ահռելի է:
Ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաներն այսօր գտնվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Հակառակ դեպքում մենք լուրջ խնդիրների առջև կկանգնեինք: Քանի դեռ կա Գագիկ Ծառուկյանը մեր ֆեդերացիաներն անտեր չեն մնա»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նմանատիպ նյութեր
4399 դիտում
23:06 19-12-2016
Հրաչյա Ռոստոմյան. Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում
1643 դիտում
17:36 04-07-2022
Հայ մարզիկները դեռ շատ հպարտանալու առիթներ են մեզ առաջիկայում պարգևելու. Հրաչյա Ռոստոմյան
Այս բաժնից
2317 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2980 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2491 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում