211652_close_icon
views-count13383 դիտում article-date 17:08 28-09-2017

Թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում. Վարդան Արամյան

«Մենք բոլոր հարաբերական ցուցանիշները հաշվարկելիս ներկայացրել ենք, որ Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր»- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պետական պարտքի խնդրին, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա հայտնեց, որ այս տարի ընդհանուր պետական պարտքը՝ ներառյալ նաև Կենտրոնական բանկինը, մոտ 6 միլիարդ 700 միլիոն դոլար է: Նա հնարավոր համարեց, որ մյուս տարի պետական պարտքը կարող է 7 միլիարդը հատել: Նրա կանխատեսմամբ՝ մեզ դեֆոլտ չի սպառնում: Վարդան Արամյանը նաև անդրադարձավ շարքային քաղաքացու կյանքի բարելավումը գնահատելու չափանիշներին: «Մենք պետք է նայենք սպառման ցուցանիշներին: Պետք է ուշադրություն դարձնել, որ առաջին եռամսյակում սպառումը աճել է: Մենք կարծում ենք, որ հաջորդ տարի եթե մենք ունենում ենք 4,5 տոկոս իրական տնտեսական աճ, բնականաբար դա ազդելու է մեր ազգաբնակչության սպառման մակարդակի վրա։ Ընդ որում՝ մենք կանխատեսում ենք նաև սպառման աճ շուրջ 3 տոկոս»,- ասաց նա։ Ֆինանսների նախարարը նշեց, որ սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում: «Եթե տնտեսական պոտենցիալը և կարողությունները դեռևս թույլ են, խիստ վտանգավոր է գնալ այդ քայլին, քանի որ, եթե չկարողանաս ապահովել միջինով 5 կամ 4 տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել ու տալ թոշակը և աշխատավարձը, ինչի դեպքում մեր ազգաբնակչության հանդեմ նվազագույնը կլինենք անազնիվ»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր