211652_close_icon
views-count2481 դիտում article-date 09:50 28-09-2017

Հայաստանը անկախության տարիների ընթացքում այդպես էլ չի համալրվել կայուն քաղաքական հոսանքով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես և սպասվում էր, մերժել է «Ելք» դաշինքի առաջարկը՝ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության դրականն ու բացասականը ուսումնասիրելու համար խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Բնականաբար, խորհրդարանի մեծամասնության համար առավել քան մերժելի է դաշինքի հայտարարության նախագիծը, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին էր, և որը ներկայացվում էր խորհրդարանի ընդունմանը: Ավելին, իշխող մեծամասնությունը ոչ միայն պարզապես մերժեց «Ելք»-ի նախաձեռնությունը, այլև գործնականում այն վերածեց ԵՏՄ-ին Հայաստանի հավատարմության երդման՝ գրեթե բոլոր հնարավոր ու անհնար, հիմնավոր ու անհիմն, տրամաբանված և անհեթեթ հնարքներով փորձելով հավաստիացնել մի բան՝ Հայաստանն այլընտրանք չունի: Եվ այդ իմաստով ուշագրավ է դառնում Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարի այցը Հայաստան, նաև հոկտեմբերին ԵՏՄ հավաքի ընթացքում ՌԴ վարչապետ Մեդվեդևի այցը Հայաստան: Այսինքն՝ մի կողմից՝ Հայաստանի նախանոյեմբերյան կեցվածքը լինելով լիովին տրամաբանական, հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը, մյուս կողմից՝ շատ է հիշեցնում «Տերն ու ծառան» հայտնի հեքիաթի դրվագը, իհարկե՝ հակառակ տրամաբանությամբ՝ «Չլինի՞ թե բարկանում ես» ծառայի հարցի փոխարեն հնչում է՝ «Չլինի՞ թե բարկացնում ես» Ռուսաստանի հարցը: Այստեղ է, որ հանգում ենք Հայաստանի եվրաինտեգրացիոն հեռանկարի գլխավոր ռիսկին, որն ամենևին Ռուսաստանը չէ: Ռուսաստանը մեծ հաշվով այդ հարցում հետևանք է, իսկ գլխավոր ռիսկն այն է, որ ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանը 25 տարիների ընթացքում այդպես էլ չի համալրվել կայուն քաղաքական հոսանքով, որը կառուցված կլիներ եվրաատլանտյան գաղափարական-քաղաքական հենքի վրա և թեկուզ այդպես էլ եկած չլիներ իշխանության, բայց ձևավորած լիներ Հայաստանի քաղաքական հավասարակշռության և ինքնիշխանության ներուժի մի շատ կարևոր բաղադրիչ, որը Հայաստանին թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաև բարկանալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր