211652_close_icon
views-count1323 դիտում article-date 17:08 25-09-2017

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Ստեփանակերտի օրվա և անվանակոչման 94-ամյակի միջոցառումներին

Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքի օրվա և անվանակոչման 94-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտոնատար այլ անձանց հետ հարգանքի տուրք է մատուցել Ստեփան Շահումյանի հուշարձանին, այնուհետ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով Ստեփանակերտի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Դավիթ Օհանյանը կարևորել է երկու մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև սերտ համագործակցությունը՝ վստահեցնելով, որ այն լինելու է շարունակական: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին այցելել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Արցախի մայրաքաղաքում կառուցվող Ազատամարտիկների այգու շինարարական հրապարակ և ծանոթացել տարվող աշխատանքների ընթացքին: Երևանյան պատվիրակությունը մասնակցել է նաև սանդա-ուշու մրցաշարի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Նմանատիպ նյութեր