Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Դոնի Ռոստովի հիմնադրման 265-ամյակի միջոցառումներին
ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետարանի հրավերով Երևանի պատվիրակությունը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 19-ից 22-ը Դոնի Ռոստովում մասնակցել է քաղաքի հիմնադրման 265- ամյակին նվիված տոնական միջոցառումներին:
Դոնի Ռոստովի քաղաքապետ Անատոլի Չերնիշևը, պաշտոնական ընդունելության ժամանակ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և տոնական միջոցառումներին մասնակցելու համար, ընդգծել է քաղաքի հիմնադրման և զարգացման գործում հայերի մեծ դերն ու նաև հատկանշել Երևանի և Դոնի Ռոստովի միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները խորացնելու կարևորությունը:
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ, իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար և նկատել, որ նման փոխադարձ այցելությունները կարևոր են և նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանը: Այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Դոնի Ռոստովի և Էրեբունի վարչական շրջանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև տեղի հայ համանյքի ներկայացուցիչների հետ: