211652_close_icon
views-count3411 դիտում article-date 11:13 19-09-2017

Լեզուն ամենևին էլ երկրորդական խնդիր չէ, և «կայսերական կենտրոններում» դա շատ լավ հասկանում են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ժողովրդի ինքնիշխանությունը ճնշելու կարևոր բաղադրիչներից մեկը լեզվի հանդեպ ոտնձգություններն են: Այդպես էր միշտ՝ Խորհրդային Միության, ինչպես նաև ռուսական, բրիտանական կամ օսմանյան կայսրությունների ժամանակ: Մետրոպոլիայի իշխող ազգի լեզուն մարդկանց առջև դռներ էր բացում, համարվում էր որոշակի «արիստոկրատիզմի» նշան: «Հպատակ ազգերի» սեփական լեզուն այդ դեպքում դառնում է երկրորդ կարգի, անկիրթ, պարզունակ մարդկանց սեփականությունը: Որ լեզվով որ խոսում կամ գրում ես, այդ ազգի իրողություններով, ընկալումներով էլ մտածում ես: Այնպես որ՝ լեզուն ամենևին էլ երկրորդական խնդիր չէ, և «կայսերական կենտրոններում» դա շատ լավ հասկանում են: Ելցինի ժամանակ մենք նման խնդիր չունեինք՝ Ռուսաստանը ցանկանում էր ունենալ լավ հարևաններ, ոչ թե «հպատակներ»: 2000 թվականից այս խնդիրը պարբերաբար ծագում է: Ընդ որում, Հայաստանում դժվար թե համարձակվեն փոխել սահմանադրական դրույթը, ըստ որի՝ մեր պետական լեզուն հայերենն է: Բայց հետևողականորեն ու բավականին հաջող կերպով փորձ է արվում օտար լեզվին կրթական համակարգում տալ այնպիսի մի կարգավիճակ, որն, ըստ էության, հակասության մեջ է մտնում Հիմնական օրենքի հետ: Էլ չասած ռուսաստանցի չինովնիկների, մեղմ ասած, անտակտ հայտարարությունների մասին, թե ԵԱՏՄ երկրները պետք է անցնեն «կիրիլիցայի»: Չնայած այս վերջին առաջարկը գուցե հավանեն Ռուսաստանում ապրող և համացանցում «ազգային թեմաներով» գրառումներ անող «хайренасернеры»: Ինչ խոսք, օտար լեզու իմանալը լավ բան է. ռուսերենին տիրապետելը ինձ, մեղմ ասած, չի խանգարում: Հակառակը՝ որոշակի առավելություններ է տալիս նրանց նկատմամբ, ովքեր կարողանում են կարդալ և հաղորդակցվել միայն հայերեն: Կերազեի նույն չափով տիրապետել որևէ այլ օտար լեզվի, և պետք է ասել, որ այսօրվա երիտասարդներին համացանցն ու զանազան ծրագրերը լիուլի դրա հնարավորությունը տալիս են: Բայց օտար լեզվին տիրապետելը և դրան պետական որևէ կարգավիճակ տալը խիստ տարբեր բաներ են: Դա կոնկրետ Ռուսաստանի հետ կապ չունի. եթե Միացյալ Նահանգները պարտադրեր Հայաստանին, որ անգլերենը որևէ ձևով պետական կարգավիճակ ստանար` ես նույնը կասեի: Ի դեպ` անգլերենի մասին: Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու հայկական հեռուստաալիքներով պետք է դիտեմ ամերիկյան ֆիլմեր ռուսերեն թարգմանությամբ: Պետք է, հավանաբար, այստեղ կիրառել եվրոպական երկրների փորձը, որոնք այդ ֆիլմերը հեռարձակում են լուսագիրներով: Մերոնք էլ, կարծում եմ, կարող են այդպես անել: Այդպիսով կլուծվի երեք խնդիր. 1/ կկատարվի օրենքի պահանջը, 2/ լուսագրերը հեռուստաընկերություններից մեծ ծախսեր չեն պահանջի, 3/ հեռուստադիտողները կլսեն անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն) խոսքը և տակը կկարդան թարգմանությունը: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր