211652_close_icon
views-count5848 դիտում article-date 18:02 18-09-2017

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալադաոյին: Ողջունելով անդրանիկ այցով Արցախում գտնվող կոնգրեսականին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան հարբերությունների զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Աժ նախագահն ընդգծել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակության նշանակությունը երկրում մի շարք հարցերի լուծման համար և շեշտել վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսում Դեյվիդ Վալադաոյի հեղինակած առաջարկի կարևորությունը՝ 2018 թվականին աջակցել Արցախում ականազերծման աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Վալադաոն նշել է, որ իր առաջին այցի ընթացքում ցանկություն ունի ավելի մոտիկից ծանոթանալ Արցախին և հնարավորինս խորը հասկանալ տեղի առանձնահատկությունները: Հյուրի խնդրանքով Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձերին, դրանք կանխելու գործում միջազգային կազմակերպությունների դերին և բանակցային գործընթացի ներկայիս փուլին: Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումներն արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծում տարածաշրջանում խաղաղության ապահովմանը նպաստելու համար: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, տեղակալ Դավիթ Մելքումյանը, արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր