Ցանկացած ժամանակ խորհրդարանում մեծամասնությունը կարող է փոխվել. Նիկոլ Փաշինյան
«ԵԱՏՄ երկրներում առկա ավտորիտար մեթոդները շարունակական ներմուծում են ունենում Հայաստանի Հանրապետություն։ Այս իմաստով Հայաստանի ԵԱՏՄ-ականությունը, եթե կուզեք՝ Հայաստանի արդբեջանականացումն անընդունելի է։ «ԵԼՔ» դաշինքն իրենից կախված ամեն ինչ կանի նման սցենար թույլ չտալու համար»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը կարծում է, որ «ԵԼՔ»-ն իրավունք ունի խոսել 120 հազար քաղաքացու անունից: «Ելք» խմբակցության ղեկավարը, խոսելով 2018-ին Կարեն Կարապետյանի՝ վարչապետի թեկնածության մասին, ասաց, թե իրենց համար ցանկացած ՀՀԿ-ականի թեկնածություն անընդունելի է։
«Սերժ Սարգսյանի պարագայում դա կրկնակի, եռակի ու քառակի անընդունելի է»,- շեշտեց Փաշինյանը:
Ընդդիմադիր գործիչը մատնացույց արեց, որ գործող Սահմանադրությամբ իշխանափոխությունն ավելի հեշտ է իրականացնել, քան նախկինով: Ուստի ցանկացած ժամանակ խորհրդարանում մեծամասնությունը կարող է փոխվել։