211652_close_icon
views-count7574 դիտում article-date 13:36 15-09-2017

Բնապահպանական խնդիրներն առաջանում են գիտելիքի պակասի հետևանքով. «Մաքուր Գորիս» ՀԿ

Գորիսը համարվում է զբոսաշրջային կենտրոն: Չքնաղ բնություն ունեցող այս քաղաքում առկա են էկոլոգիական խնդիրներ: «Մաքուր Գորիս» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ քաղաքի բնապահպանական ռիսկերի կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները ոչ բավարար մակարդակի վրա են: Խոսքը վերաբերում է քաղաքին, հարակից բնակավայրերին և նրանց միջով հոսող Վարարակն գետին, որն աղտոտվում է կենցաղային աղբով: Քաղաքը և գետը չեն շնչում պլաստմասե թափոնների, կենցաղային աղբի հետևանքով: Այս նկատառումից ելնելով՝ «Մաքուր Գորիս» ՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացնում է «Հանուն էկոլոգիապես մաքուր Գորիսի» ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Էլմիրա Բալասանյանը նկատում է, որ շրջակա տարածքի և գետի մաքրումը միայն տեղական իշխանությունների խնդիրը չէ: Համայնքի բնակչությունը նույնպես պետք է հրաժարվի կենցաղային աղբը գետը և այս ու այն կողմ թափելուց: Դրա համար բնակչության, հատկապես դպրոցականների շրջանում կարևոր է բնապահպանական գիտելիքների տարածումն ու նրանց շրջանում բացատրական աշխատանքներ տանելը: Հասարակական կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնապահպանական խնդիրներն առաջ են գալիս գիտելիքների պակասի, անիրազեկության հետևանքով: Ծրագրի շրջանակներում Վերիշեն, Ակներ, Գորիս բնակավայրերում օգոստոս ամսին անցկացվել են սեմինար-քննարկումներ բնապահպանական թեմաներով։ Ակցիաներ են կազմակերպվել Գորիսի մանկապարտեզների սաների օգնությամբ։ Քաղաքի բնակիչներին, սպասարկման օբյեկտներին թերթիկներ են բաժանվել` հիշեցնելով քաղաքը, բնությունը մաքուր պահելու մասին։ Վարարակն գետի երկարությամբ անցկացվել է «Մեր համայնքը և Վարարակն գետը առանց կենցաղային աղբի» մեկշաբաթյա մշտադիտարկում: Ակցիայի ընթացքում արվել են լուսանկարներ, որոնք կներկայացվեն ծրագրի ավարտին նախատեսված ցուցահանդեսում։ Կտպագրվեն նաև պաստառներ, որոնք կփակցվեն քաղաքի տարբեր թաղամասերում՝ հիշեցնելով բնակչությանը աղբը թափել միայն աղբարկղերում և մաքուր պահել համայնքը։ Հասարակական կազմակերպությունը կպատրաստի նաև բնակավայրերը մաքուր պահելու կոչ անող սոցիալական հոլովակ, որը կտարածվի սոցիալական ցանցերում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր