3622 դիտում
12:20 04-09-2017
Դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք է արձանագրվել
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք։
Արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։
Մայիսի 17-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի հերթական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Ստեփանյանը սահմանափակել է լրագրողների աշխատանքը՝ առանց որևէ հիմնավորման:
Դատավարության սկզբում «Առաջին լրատվական»-ի թղթակիցը դիմել է դատավորին՝ նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու թույլտվության համար: Դատավորը, ըստ օրենքի պահանջի, դիմել է դատավարության կողմերին՝ նրանց կարծիքը պարզելու համար: Դատավարության կողմերը չեն առարկել: Առարկություն է ներկայացրել միայն երրորդ կողմի ներկայացուցիչը, որը, սակայն, որևէ կերպ չի փորձել հիմնավորել իր առարկությունը:
Կողմերին լսելուց հետո դատավոր Ստեփանյանը որոշել է թույլ տալ լուսանկարահանել և տեսանկարահանել դատական նիստը, սակայն սահմանափակ ժամանակով՝ 5 րոպե, որից հետո պահանջել է անջատել տեսախցիկը:
Դատավարության ավարտից հետո «Առաջին լրատվական»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով էր պայմանավորված դատավորի՝ լրագրողի աշխատանքը սահմանափակելու որոշումը: Դատավոր Տաթևիկ Ստեփանյանին որևէ կերպ չի պարզաբանել իր որոշումը, միայն ընդգծել է, որ դատավորի որոշումները պարտադիր են բոլորի համար:
Լրագրողն այս դեպքով դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել լրագրողների աշխատանքը չհիմնավորված սահմանափակումների խուսափելու ուղղությամբ։ Լրագրողի դիմումը անպատասխան էր մնացել։
Մայիսի 24-ին էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Սարի թաղի գործով դատաքննության ընթացքում սահմանափակել է լրագրողների լուսա/տեսանկարահանում կատարելու ժամանակը՝ սահմանելով 10 րոպե։ Հիշեցնենք, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը այս տարվա առաջին քառորդում ևս արձանագրել էր դատավոր Դանիբեկյանի կողմից լրագրողների աշխատանքի սահմանափակման դեպք և հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատավորին կոչ անելով առավել հանդուրժող գտնվել լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Հայտարարությանը միացել էին մի շարք հասարակական կազմակերպություններ և լրագրողներ։ Աննա Դանիբեկյանը, սակայն, շարունակում է նույն արատավոր պրակտիկան կիրառել։
Հուլիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստի ժամանակ դատավոր Վարդան Գրիգորյանը չի անդրադանձել լրագրողների լուսա/տեսանկարահանում անելու միջնորդությանը՝ փաստացի նրանց զրկելով լուսա/տեսանկարահանում անելու հնարավորությունից։
Հուլիսի 11-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը Նարինե Դանիելյանի սպանության գործով ընթացող դատաքննության ժամանակ արգելել է լրագրողներին տեսա/լուսանկարահանում իրականացնել, թեև դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը մշտադիտարկել է սույն դատական գործով նիստերը և արձանագրել է, որ դատավոր Ադամյանը շարունակաբար արգելում է լուսա/տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե իրեն կաշկանդում է տեսախցիկը և ինքը չի ցանկանում, որ լուսանկարեն:
Հուլիսի 11-ին մեկ այլ դեպք էլ է արձանագրվել, այս անգամ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ընթացող Դավիթ Դումիկյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է Կենտրոն հեռուստաընկերության լրագրողների՝ դատական նիստի լուսաբանման իրավունքը: Նկարահանող խմբին մինչ դատական նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել դատական նիստի կարգադրիչները, ընդ որում մինչ դատարանի համապատասխան որոշման հրապարակումը, լրագրողները նույնիսկ չեն հասցրել ներկայացնել միջնորդություն նկարահանում իրականացնելու համար: Դատարանում խոչընդոտվել է լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը:
Նիստի մասնակցող Դավիթ Դումիկյանի պաշտպան Արթուր Խաչիկյանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ներկայացրել է նոր միջնորդություն և ինքնաբացարկ է հայտնել նիստը վարող դատավոր Վահագն Մելիքյանին, ինչը ևս մերժվել է:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն այս դեպքով դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով նախաձեռնել քայլեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտած կարգադրիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Դեպարտամենտից կազմակերպությանը տեղեկացրել են, որ մեր դիմումի քննությունն ընթացքի մեջ։
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության դաշտում առկա բացերով:
ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը: Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար:
Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.
բոլոր դատավորներին՝ ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը,
ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփոխումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը
Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին
դատական կարգադրիչներին՝ հարգել լրագրողների օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը և զերծ մնալ ինքնագործունեությունից։
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
1316 դիտում
13:06 02-05-2017
Արձանագրվել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք
8294 դիտում
15:01 02-05-2018
Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը