1316 դիտում
13:06 02-05-2017
Արձանագրվել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք, որից 5-ը դատավորների որոշմամբ, 2-ը` երրորդ կողմի միջամտությամբ:
Դատավորի որոշմամբ դատական նիստերի տեսանկարահանման/լուսանկարահանման ժամանակը սահմանափակելու 5 դեպքերից 4-ի դեպքում դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել դատական նիստի ամբողջական տեսա/լուսանկարահանմանը: Դատարանի որոշմամբ լուսաբանման սահմանափման դեպքերից միայն մեկն է եղել դատավարության կողմերի առարկության պատճառով:
Ավելին, նիստերից մեկի ժամանակ կողմերից մեկը միջնորդել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին վերանայել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին որոշումը, որին դատավորը չի անդրադարձել: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է սահմանափակել տեսա/լուսանկարահանումը՝ լրագրողներին տրամադրելով ընդամենը 10 րոպե ժամանակ (Եղիշե Խաչատրյանի գործը):
Հիշեցնենք, որ լրագրողների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը հաջորդել էր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը, որով կոչ էր արվել դատավորներին՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից: Այնուամենայնիվ, դատավորը հաջորդ դատական նիստին ևս տեսա/լուսանկարահանման ժամանակային սահմանափակում էր դրել:
Տեսա/լուսանկարահանումը ընդամենը 5-10 րոպե թույլատրելու որոշում են կայացրել նաև ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը (Ռուզաննա Եղնուկյանի գործը), Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը (Կարեն Վարդանյանի գործը) և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մելիքսեթյանը (Նարինե Դանիելյանի գործը):
Լրագրողի աշխատանքի սահմանափակման երկու դեպք արձանագրվել է դատավարության կողմ չհանդիսացող անձանց կողմից: Մասնավորապես, փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործի քննության ընթացքում՝ դատական նիստի մասնակիցներից մեկը հարձակվել է «Ասպարեզ» թերթի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել է ֆոտոապարատը և փախել անհայտ ուղղությամբ։
Մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:
Երրորդ կողմի մասնակցությամբ լրագրողի աշխատանքի խոչընդոտման հաջորդ դեպքը գրանցվել է մարտի 6-ին: Այդ օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված է եղել Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության առնչությամբ քրեական գործով արտագնա դատական նիստը: ժամանակ ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը դատավորի փոխարեն որոշել է արգելել լրագրողի մուտքն արտագնա դատական նիստին:
ՔԿՀ պետը դատավորին է վերագրում՝ լրագրողին դատական նիստի սենյակ մուտք գործելու արգելքի որոշումը: Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը նախքան արտագնա դատական նիստը տեղեկացված է եղել, որ լրագրողը եկել է ՔԿՀ՝ նիստը լուսաբանելու նպատակով:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության դաշտում առկա բացերով:
ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը: Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզμունքների պահպանման համար:
Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.
Դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների տեսա/լուսանկարահանման չհիմնավորված արգելքի կամ ժամանակային սահմանափակման պրակտիկայից, առավել հանդուրժող գտնվել դատարանի դահլիճներում լրագրողների աշխատանքի նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:
Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը:
Լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին՝ հետևողականորեն լուսաբանել դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումների դեպքերը և բարձրաձայնել առկա խնդիրները դրսևորել համերաշխություն և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:
ՀԳ - «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ-ն Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment For Democracy) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ» ծրագրի շրջանակներում պատրաստել է ուղեցույց դատական նիստերը լուսաբանող լրագրողների համար:
Նմանատիպ նյութեր
3619 դիտում
12:20 04-09-2017
Դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք է արձանագրվել
9472 դիտում
18:55 30-04-2018
Քայլեր կձեռնարկենք, որ Կառավարության նիստերը դռնբաց լինեն. Նիկոլ Փաշինյան. Tert.am
2172 դիտում
14:03 15-11-2018
Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու նախաձեռնությունը հավանության արժանացավ
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը