211652_close_icon
views-count1914 դիտում article-date 15:33 01-09-2017

Տարոն Մարգարյանն այցելել է Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց

Գիտելիքի և դպրության օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց և ներկա գտնվել ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկին: Երևանի քաղաքապետարանի «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում գործարար, բարերար և դպրոցի շրջանավարտ Արթուր Վարժապետյանի կողմից կրթօջախն այս տարի հիմնանորոգվել է: Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի շենքի տանիքը, դասասենյակները, միջանցքները, սանհանգույցները, մարզադահլիճը: Փոխվել ու թարմացվել է դպրոցի կահավորանքը: Բացի այդ, մասնակի վերանորոգվել է նաև կաթսայատունը: Դպրոցի հարակից տարածքը ևս ամբողջությամբ կանաչապատվել, ասֆալտապատվել և լուսավորվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արթուր Վարժապետյանի հետ շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Դպրոցի ավելի քան 770 աշակերտների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ: Ի դեպ, ուսումնական այս տարում դպրոցն իր դռներն է բացել 110 առաջին դասարանցիների առջև: «71 դպրոցի աշակերտների և մանկավարժների համար այսօր կրկնակի տոն է, քանի որ այս կրթօջախն իր աշակերտներին դիմավորում է ամբողջությամբ հիմնանորոգված: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արթուր Վարժապետյանին, ով մշտապես իր դպրոցի կողքին է և ստանձնել ու իրականացրել է հիմնանորոգումը: Սա իսկապես ողջունելի մոտեցում է, և մենք մեր հերթին հորդորում ենք կյանքում որոշակի հաջողությունների հասած բոլոր շրջանավարտներին, որ հնարավորությունների սահմաններում աջակից լինեն իրենց նախկին կրթօջախներին՝ այդպիսով նաև սեփական ներդրումն ունենալով արժանի սերունդ դաստիարակելու կարևոր գործում: Իսկ ընդհանրապես, կարևորելով ուսումնական գործընթացը պատշաճ պայմաններում կազմակերպելու անհրաժեշտությունը, այս տարիների ընթացքում քաղաքային իշխանությունն իր հնարավորության սահմանում փորձել է աջակցել դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Այս մասով մենք ունենք որոշակի հաջողություններ, ինչը, սակայն, բավարար չէ և հստակ կարող ենք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Բայց վստահ եմ, որ գալու է այն ժամանակը, երբ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, այլ ոչ թե կրթօջախների պայմանների մասին: Սա մեզ համար նպատակ է, որին անպայման կհասնենք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում իրականացվել են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ՝ աշակերտներին և մանկավարժներին պատշաճ դիմավորելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր դպրոցականներին և մանկավարժներին՝ Երևանի քաղաքապետը մաղթել է ուսումնական տարվա հաջող ընթացք և համոզմունք հայտնել, որ մանկավարժներն իրենց սրտացավ ու հետևողական աշխատանքով կկրթեն ավելի հայեցի մտածելակերպով սերունդ, որը վաղը արժանապատվորեն կծառայի մեր երկրին՝ ապահովելով Հայաստանի զարգացումն ու հզորացումը:

Նմանատիպ նյութեր