36962 դիտում
09:54 29-08-2017
Ոստիկանական համակարգում մոռացված Արմավիրի «մեծն» մարզպետը հիմա էլ փորձում է ինքնահաստատվել կայացած տնօրենի հաշվին. hayeli.am
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը հերթական անգամ տապալվել է, գրում է [url=http://hayeli.am/article/1033042]hayeli.am[/url]-ը։
Պատճառն այն է, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այս դպրոցում ունի սեփական թեկնածու, իսկ գյուղն ու դպրոցը տնօրենի պաշտոնում ուզում են տեսնել իրենց նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին:
Օգոստոսի 28-ին նախատեսված մրցույթը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Կառավարման խորհրդի անդամներից 5-ը չեն ներկայացել, ինչն էլ պատճառ է դարձել, որ նիստը չկայանա:
Հավակնորդները եղել են երկուսը՝ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանն ու ներկա պաշտոնակատար Էդգար Սարգսյանը:
Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին նշանակվել է մրցույթի օր, որը, սակայն, ինչպես և օգոստոսի 28-ի մրցույթը, չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Այն ժամանակ մրցույթին չէին ներկայացել կառավարման խորհրդում ընդգրկված մարզպետարանի և ԿԳՆ ներկայացուցիչները, իսկ այս անգամ չեն ներկայացել մանկավարժական խորհրդի երկու ներկայացուցիչները, երկու ծնողները և գյուղապետարանի ներկայացուցիչը:
Կայքի տեղեկություններով ծնողները անապահովության համակարգի ընդգրկված նպաստառուներ են, նրանց նկատմամբ, ըստ ամենայնի, գործի է դրվել նպաստից զրկելու լծակը, իսկ գյուղապետարանի ներկայացուցչի դեպքում կիրառվել է ստուգումների սպառնալիքը:
Ժամանակին այս պատմությանը բաց նամակի տեսքով անդրադարձել էր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը. «Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին»,- այն ժամանակ իր նամակում գրել է տիկին Բաշխյանը: Այս ընթացքում մարզպետ Ղահրամանյանը նշված դպրոցում տնօրենի երեք պաշտոնակատար է նշանակել: Վերջինը Արմավիրի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդգար Սարգսյանն է, ով Արտաշարի միջնակարգ դպրոցում պաշտոնակատար է նշանակվել այս տարվա մայիսի 27-ին:
Նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը կայքի թղթակցի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց տապալված մրցույթից. «Բախշյանի նամակից հետո կառավարման խորհրդում ընդգրկված մարզպետարանի աշխատակիցները գրավոր հրաժարվել էին իրենց անդամությունից, մարզպետարանի կողմից նշանակվել էին նոր անդամներ: Մեկ ամիս առաջ կառավարման խորհուրդն ընտրել էր նոր նախագահ՝ մարզպետարանի աշխատակից Արտակ Առաքելյանին: Սակայն այսօրվա մրցույթին բոլորվին այլ մարդ էր եկել՝ մարզպետարանի մեկ այլ աշխատակից Գևորգ Մուրադյանը: Նա հայտարարեց, որ Արտակ Առաքելյանը երկրում չէ, և մարզպետն իրեն նշանակել է կառավարման խորհդի նախագահ: Ես զարմացած հարցրեցի՝ բայց մարզպետն ի՞նչ իրավունքով է կառավարման խորհրդի նախագահ նշանակել. կառավարման խորհրդի նախագահին ոչ ոք չի նշանակում, նրան ընտրում են խորհրդի անդամները: Մարզպետը կարող էր ընդամենը անդամ նշանակել, ո՛չ նախագահ: Փաստացի կատարվել էր օրենքի խախտում, բայց դա որևէ որևէ նշանակություն չունեցավ: Ինչևէ. նիստն սկսեցին, 10 րոպե հետո այս ինքնակոչ նախագահը հայտարարեց, որ քվորում չկա: Ես հարցրեցի՝ իսկ խորհրդի անդամները իրազեկվա՞ծ էին, որ պիտի նիստ լինի: Խորհրդի նախագահն ինձ ասում է՝ ինքդ տեղյակ պահեիր: Ներողություն՝ ես ի՞նչ գործ ունեմ տեղյակ պահելու հետ, ես ընդամենը հավակնորդ եմ:
Ինչևէ. խորհրդի ինքնակոչ նախագահը հայտարարեց, որ քվորում չի եղել, մարզպետը որոշել է կառավարման խորհուրդը ցրել, նոր խորհուրդ ձևավորել, որից հետո նոր մրցույթ կլինի: Դա ևս օրենքի կոպիտ խախտում է, որովհետև մրցույթը չի կայացել, և 5 աշխատանքային օր հետո պետք է նոր մրցույթ լինի: Օրենքով մրցույթը համարվում է չավարտված, և խորհրդի կազմը փոխելու իրավունք ոչ ոք չունի: Իսկ խորհրդի յուրաքանչյուր անդամի տվյալ օղակն է ետ կանչում, այն էլ եթե մարդը երեք անգամ անընդմեջ նիստերից բացակայել է: Ես փորձեցի այս ամենը բացատրել, բայց ինձ ասացին, որ դա մարզպետի որոշումն է՝ նա կարող է անվստահություն հայտնել խորհրդի անդամներն: Ինձ համար ակնհայտ է, որ կառավարման խորհդի կազմում մարզպետն ուզում է իր մարդկանց դնել, որպեսզի իր ուզած թեկնածուին հեշտ ու հանգիստ անցկացնի»,- պատմեց նախկին տնօրենը, ով պատրաստվում է պայքարել մարզպետի դեմ՝ գնալով մինչև վերջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://hayeli.am/article/1033042]կայքում[/url]։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
19164 դիտում
09:37 16-11-2018
Ես թո՞ւյլ եմ տվել, որ նստում ես. մարզպետը փորձում է ինքնահաստատվել. «Իրատես»
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան