211652_close_icon
views-count5224 դիտում article-date 11:16 22-08-2017

Բագրատյանի դատողությունները լեզվի մասին վկայում են, որ կա որոշակի աշխատանքի անհրաժեշտություն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները` կապված հայոց լեզվի հետ: «Ինձ թվում էր, թե ինքը պիտի որ, այնուամենայնիվ, բավականաչափ տեղյակ լինի լեզվական հարցերին: Չեմ հասկանում` ինչպես կարող է այդ մակարդակի տնտեսագետն այդ կարգի դիտարկումներ անել, որովհետև ես գիտեմ շատ լավ տնտեսագետների, որոնք այնքան լավ են պատկերացնում լեզվական հարցերը: Մի տեսակ չար կատակ ոնց որ լինի: Անհավատալի, տարօրինակ բաներ է ասում: Չեմ հավատում, որ նա այդպես է մտածում: Այնքան անհեթեթ են ասածները, որ մասնագիտորեն անդրադառնալու հարկ չկա: Չես հասկանում` այս մարդը կատա՞կ է անում, ինչ-որ նպատակնե՞ր ունի, դրանով ուրի՞շ բան է ուզում ասել: Համենայնդեպս, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ծայրահեղության են գնում` չիմացությունից ելնելով: Իր պարագայում դժվար թե այդքան չիմացություն լիներ: Չեմ հասկանում»,- armtimes.com-ին ասաց Վիկտոր Կատվալյանը: Այդուհանդերձ, նա նկատեց, որ նախկին վարչապետի դատողությունները լեզվի մասին վկայում են, որ կա որոշակի աշխատանքի անհրաժեշտություն: «Մյուս կողմից էլ` չկա չարիք առանց բարիքի: Դա նշանակում է, որ մեր հասարակության մեջ լեզվական պատկերացումները ճշգրտելու անհրաժեշտություն կա: Եվ այս իմաստով շատ լավ կլիներ, եթե մեր հեռուստատեսությունները լեզվին նվիրված հաղորդումներ կազմակերպեին, ու հնարավոր լիներ հասարակության, նույնիսկ մտավորականության մեջ ճիշտ պատկերացումներ ձևավորել լեզվի մասին: Դրա անհրաժեշտությունը ոնց որ թե ցայտուն դարձավ Բագրատյանի ելույթից հետո»,- կարծիք հայտնեց ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենը: Ինչ վերաբերում է հայերենը` արմեներեն, իսկ Հայաստանը` Արմենիա կոչելու Բագրատյանի նախընտրությանը, լեզվաբանը պատասխանեց. «Ասածներից ամեն ինչը անհեթեթ է, չի կարելի դրան լրջորեն վերաբերվել և դրանց անդրադառնալ, քննարկել: Ոչ մի ճիշտ, նորմալ բան նա չի ասում: Ես դրա համար եմ զարմանում, որ այդ մակարդակի մտավորականն այդպիսի մտքեր է հայտնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր