ՀՀ ՄԻՊ-ի այդպիսի դատողությունները չեն բխում նաև քրեական գործի փաստական տվյալներից. Փաստաբան Րաֆֆի Ասլանյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ, խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ իր տեղեկություններով վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել, հակառակ դեպքում՝ կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ողբերգական վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանության հետ որևէ աղերս չունեցող և բացառապես իշխանության քաղաքական նպատակահարմարությունների արտահայտման խոսափող հանդիսացող սույն պաշտոնյային հորդորում ենք զերծ մնալ Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությունը իր քաղաքական ուժին ծառայելու գործիք դարձնելուց։
ՀՀ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնը զբաղեցնող տվյալ անձը, այլոց վիշտն իր վերադասին շողոքորթելու պատրվակի վերածելուց առաջ, գոնե պետք է հիշեր, որ ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարեց, որ վարչապետը վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ հանձնարարել է շտապօգնություն կանչել։
Ավելին, ՀՀ ՄԻՊ-ի այդպիսի դատողությունները չեն բխում նաև քրեական գործի փաստական տվյալներից, ուստի տպավորություն է ձևավորվում, որ որոշ պաշտոնատար անձանց այդպիսի սանձարձակ քաղաքական վարքագծի դրսևորմանը նպաստող պայման է հանդիսանում տուժողի հարազատների կողմից դեպքը չքաղաքականցնելու ձգտումը»,- գրել է նա։