ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Առողջապահության նախարարության կարողությունների, հմտությունների զարգացմանը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՀՀ առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի և ՀՀ առողջապահության նախախար Լևոն Ալթունյանի հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերը:
Տիկին Դեբորա Գրիզերն ընդգծել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն լիովին կանգնած է նախարարության կողքին և պատրաստակամ է աջակցելու իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավմանը և գերակա ոլորտներում հանրային առողջության տվյալների հավաքագրման բարելավմանը:
«Միջկառավարական համաձայնագրով մեր հիմնական նպատակը ՀՀ առողջապահության նախարարության կարողությունների, հմտությունների զարգացումն է, և ձգտում ենք այդ ուղղությամբ շոշափելի արդյունքներ ունենալ»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ ՀՀ առաքելության տնօրենը։
Նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եղել և մնում է նախարարության գործընկերը։