211652_close_icon
views-count95250 դիտում article-date 13:46 15-08-2017

Կրակոցներ՝ «Բեկոն» մսամթերքի կոմբինատի մոտ. մի խումբ անձինք նախ կրակել են 24-ամյա երիտասարդի ավտոմեքենայի վրա, հետո ծեծի են ենթարկել նրան և առևանգել ու տեղափոխել են «Ալադին» սրճարան

Երեկ՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Տիշինյանն է, ով վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15։30-ի սահամաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Տիշինյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար որոնվում է Երևանի բնակիչ Գուրգեն Մեխակյանը, ով իր մոտ եղած պնևմատիկ տեսակի հրազենով կրակել է Հ. Տիշինյանին պատկանող Toyօta Corolla մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածին, որից հետո 10-ից ավելի անձանց հետ փայտե և երկաթե ձողերով վնասել են Toyօta Corolla-ն և ավտոմեքենայից դուրս են հանել Հ. Տիշինյանին և ծեծի ենթարկել։ Այդ ամենը կատարելուց հետո, ըստ տեղեկությունների, Գ. Մեխակյանը Հ. Տիշինյանի կամքին հակառակ նստեցրել է Մեխակյանին պատկանող Lexus մակնիշի 777 ՏՍ 07 համարանիշի ավտոմեքենան և տեղափոխել Ավան վարչական շրջանում գործող «Ալադին» սրճարան, որտեղ շարունակել են Հ. Տիշինյանին ծեծի ենթարկել։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանությունն ու քննական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր