Թուրքիայում Կոկսակ էնտերովիրուսային վարակի համաճարակ է բռնկվել. «Ռոսպոտրեբնադզոր»
«Ռոսպոտրեբնադզոր»-ն էլեկտրոնային «թեժ գիծ» է բացել՝ կապված Թուրքիայի զբոսաշրջային վայրերում, մասնավորապես, Անթալիայում, Կոկսակի էնտերովիրուսային հիվանդության հնարավոր համաճարակի բռնկման հետ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայում նշված վիրուսով վարակված զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է, և տասնյակ զբոսաշրջիկներ ստիպված են եղել դադարեցնել հանգիստը։
Իր հերթին, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Անթալիայի վարչության ղեկավար Իբրահիմ Աջարը հերքել է, թե վիրուս է տարածվում։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայց է ուղարկել թուրքական իշխանություններին այդ կապակցությամբ և մինչև այս պահը պատասխան չի ստացել, ինչն էլ չի բացառում վիրուսի բռնկման հավանականությունը։
Կոկսակի վիրուսը հիմնականում խաթարում է աղիների աշխատանքը, առաջացնում փորլուծություն, ընդհանուր թունավորում և ցան։