Նեյմար. Փարիզ եմ եկել նոր մարտահրավերների համար
ՊՍԺ-ի նորեկ, հարձակվող Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվելու առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշել է կատալոնական ակումբից հեռանալու պատճառները:
«Շատ ուրախ եմ, շնորհակալ եմ նոր մարտահրավերի համար: Փարիզը հրաշալի քաղաք է: Բառերով չեմ կարող նկարագրել զգացողություններ: Ինձ մարտահրավեր էր անհրաժեշտ: Սիրտս այստեղ բերեց՝ Փարիզ:
Ես Փարիզ եմ եկել, քանի որ նոր մարտահրավերներ էի ցանկանում, այլ ոչ թե, որ «Բարսելոնայում» ինձ աստղ չէի զգում: Այնտեղ ամեն ինչ հրաշալի էր: Սակայն սիրտս ինձ հուշեց, որ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու ժամանակն է:
Սա իմ ամենադժվար որոշումներից մեկն էր, որ ընդունել եմ: «Բարսելոնան» մեծագույն ակումբ է: Այնտեղ շատ ընկերներ մնացին, սակայն սա ֆուտբոլ է: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նախկին թիմակիցներիս, որոնք այնտեղ ինձ լավ ընդունեցին», ասել է Նեյմարը:



