211652_close_icon
views-count4182 դիտում article-date 19:03 03-08-2017

Դավիթ Տոնոյան. «Միասին պետք է կառուցենք աղետակայուն Հայաստան» ՀՀ ԱԻ նախարարը հյուրընկալեց «Զարթոնք» քաղաքացիական կենտրոնի սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ԱԻ նախարարությունը հյուրընկալեց «Զարթոնք» քաղաքացիական կենտրոնի սաներին: Այցի հիմնական նպատակն էր նախարարության կառուցվածքին և գործունեությանը ծանոթանալը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների ոլորտում գործնական և տեսական գիտելիքների ձեռքբերումը: Ճանաչողական այցի շրջանակում կենտրոնի սաները եղան նորագույն սարքավորումներով և գույքով հագեցած ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնում, որտեղ առաջին բուժօգնության ուսուցողական դասից հետո այցելեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը սաներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման հնարավորություններն ու «911» ծառայության առաքելությունը: Շրջայցի շրջանակում քաղաքացիական կենտրոնի սաները հանդիպեցին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ողջունելով երիտասարդներին նախարարը նշեց. -Շատ ողջունելի է արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքները հարստացնելու Ձեր ցանկությունն ու պատրաստակամությունը: Անշուշտ, այս այցն իր նպատակին կծառայի, ինչպես նաև՝ օգտակար կլինի մասնագիտական կողմնորոշման հարցում: Վաղը հենց Ձեզ հետ միասին պետք է կառուցենք աղետակայուն Հայաստան, - նշեց նախարարը: Նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում կենտրոնի սաներն ուղղեցին հարցեր՝ քաղպաշտպանության, հանրային իրազեկման, սեյսմակայուն շինարարության, ՀՀ ԱԻՆ միջազգային համագործակցության և նույնիսկ փրկարարների վարձատրության վերաբերյալ, որոնց նախարարը սպառիչ պատասխաններ տվեց: Սաներից մեկի այն հարցին, թե ինչպես կարող են ինքը և իր ընկերներն օգնել ՀՀ ԱԻ նախարարությանը, նախարար Տոնոյանը պատասխանեց. «Հանրության համար խնդիրներ չստեղծելով և Ձեր քաղաքացիական գիտակցության բարձրացմամբ ու ինքնակրթությամբ»: Հանդիպման ավարտին «Զարթոնք» քաղաքացիական կենտրոնի տնօրեն Վահան Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ և ուսուցողական ընդունելության համար, նշեց, որ մեր քաղաքացիներն ապահով ձեռքերում են և հույս հայտնեց, որ «Զարթոնքի» կենտրոնն էլի հնարավորություն կունենա համագործակցել ԱԻ նախարարության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր