Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ռումինիային՝ ռուսական քաղաքացիական S7 ինքնաթիռն իրենց օդային տարածք թույլ չտալու հետ կապված
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի պաշտոնական այցը Մոլդովա չի կայացել, որովհետև Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունները չեն թույլատրել Մոսկվա-Քիշնև օդանավի թռիչքը իրենց երկրների օդային տարածքով: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.bbc.com/russian/news-40750645]BBC[/url]-ն:
Ռոգոզինը այսօր պետք է ժամաներ Քիշնև՝ բանակցելու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նաև նախատեսված էր Ռոգոզինի, Դոդոնի և Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկիի մասնակցությունը հուլիսի 29-ին կայանալիք խնդրահարույց մի տոնակատարության՝ Մոսկվայի նախաձեռնությամբ նշվելու է Մերձդնեստրում այսպես կոչված ռուսական խաղաղապահ առաքելության 25-ամյակը:
Սակայն Ռոգոզինը այսօր Մոլդովա չի հասել: Նա հայտնել է, որ Ռումինիայի ու Հունգարիայի իշխանությունների արգելքից հետո Մոսկվա-Քիշնև Տ7 ինքնաթիռը փոխել է թռիչքի ուղղությունը և վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում: Ինքնաթիռում Ռոգոզինի հետ միասին թռչում էին նաև 160 ուղևորներ:
Ռումինիայի իշխանությունները իրենց որոշումը մեկնաբանել են ուղևորներից մեկի՝ մասնավորապես Ռոգոզինի «քաղաքական պատժամիջոցների ենթարկված անձ» լինելու հետ։
Հուլիսի 26-ին Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ պաշտոնապես զգուշացվել էր, որ Մերձդնեստրի միջոցառումը վնաս կհասցնի Ռուսաստանի և Մոլդովայի հարաբերություններին:
Ռուսաստանն այսօր բողոքի նոտա է հղել Ռումինիային՝ ռուսական քաղաքացիական S7 ինքնաթիռն իրենց օդային տարածք թույլ չտալու հետ կապված, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական [url=http://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/2824587]կայքը[/url]։