Ադրբեջանը բողոքի նոտա է հղել բրիտանական ԱԳՆ-ին՝ կապված Բակո Սահակյանի՝ Լոնդոն կատարելիք այցի հետ
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիղը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Apa գործակալությունը, պատճառը Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցն է:
Դեսպան Սիդդիղին հանձնվել է նոտա, որում ադրբեջանական իշխանություններն իրենց բողոքն են արտահայտում ԼՂՀ նախագահի ծրագրված այցի կապակցությամբ:
Նշենք, որ հուլիսի 8-ին Բակո Սահակյանը պետք է մասնակցի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) տեղի ունենալիք միջոցառմանը:
«Նման դեպքերը չեն համապատասխանում Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև գոյություն ունեցող բարեկամական և ռազմավարական հարաբերությունների ոգուն և ընդունվում են որպես քայլ՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ»,-ասված է հայտարարության մեջ: