10706 դիտում
23:36 27-07-2017
ՀՀ ՊՆ-ի հետ ծավալուն կերպով գործակցում ենք ռազմական ոլորտում․ Ամերիկացի գեներալ
«Հայաստանի հետ ռազմական համագործակցության ծրագրերը հաջողված են և շարունակական կլինեն»: Այսօր Ախուրյանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28643267.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
«Մենք բավականաչափ ծավալուն կերպով համագործակցում ենք ռազմական ոլորտում և այդ համագործակցությունն իրականացնում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ»,- հայտարարեց ամերիկացի գեներալը, հավելելով․- «Հայաստանի պաշտպանության նախարարության հետ մենք համագործակցում ենք նահանգային ծրագրի շրջանակներում: Տարեկան 10-15 միջոցառում ենք իրականացնում տարբեր ոլորտներում, որոնք շարունակական են ու բավականին հաջողված: Ծրագրում ենք նույն որակով շարունակել»:
Երեկ գեներալը հանդիպում էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել սերժանտական համակարգի ուսուցման, ռազմական բժշկության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական ստորաբաժանումների գնահատման ուղղությամբ համագործակցությունը շարունակել երկարատև ծրագրերի ձևաչափով:
Նշենք՝ 2002 թվականից ի վեր Միացյալ Նահանգները գրեթե 50 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Հայաստանին: Լի Թաֆանելին ու Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Ախուրյանում դիտում էին Շիրակի մարզի փրկարարների ուսումնական վարժանքը: ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի փորձագետներն առաջին օգնության, կենսաապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով տասնօրյա դասընթացներ են անցկացրել մարզի 6 հրշեջ-փրկարարական ջոկատների հետ:
Կանզաս նահանգի հետ համագործակցությունը կշարունակվի նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Նախարար Տոնոյանն այսօր ասաց, որ առաջիկայում նաև տեխնիկական հագեցվածության խնդիրը կլուծվի: Վաղը Կոտայքի մարզի «Լուսակերտ» վարժահրապարակում տեղի կունենան ավելի ծավալուն վարժանքներ, որոնց դարձյալ կմասնակցեն ամերիկացի զինվորականները:
Նմանատիպ նյութեր
3700 դիտում
20:14 25-07-2018
Դեսպան Միլսը վստահեցնում է՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն շատ ու շատ ոլորտներում սերտ գործակցում են
Այս բաժնից
403 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
850 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
661 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ