Մինչև օգոստոսի 25-ը Հայաստանի բոլոր դպրոցներում շինարարական և վերանորոգման աշխատանքներ իրականացնել. վարչապետ
Այսօր, կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը ապահովելու նպատակով ՀՀ մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց մինչև օգոստոսի 25-ը ապահովել Հայաստանի բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։
«Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում»,- հանձնարարեց վարչապետը։
Վարչապետը նաև հանձնարարեց ձեռնարկել միջոցներ հանրապետության սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների ուսումնական հաստատությունները մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ։
«Հասկանալի է, շատ դեպքերում մենք շինարարական աշխատանքներն ավարտում ենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին, կենցաղային պայամանները աշակերտների համար պատշաճ չեն, այն, ինչը պլանավորում ենք, հստակ ու խիստ ժամկետներով հետևենք»,- ասաց Կարեն Կարապետյանը։