Արա Բաբլոյանն ընդունել է Գոնզալո Ուրրիոլաբեիտիային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Արա Բաբլոյանը նշել է, որ այս խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խումբը, որը կշարունակի ղեկավարել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ու դեսպանը քննարկել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր: