Մեքենայից աղբ կամ ծխախոտի մնացորդ նետողները կտուգանվեն 16.000 դրամ. Դավիթ Լոքյան
«Յուրաքանչյուր շաբաթ մաքրում ենք, բայց նորից աղբի կուտակումներ են հայտնվում: Սա գալիս է նրանից, որ մենք դաստիարակության նորմեր չենք ձևավորել դպրոցից, ընտանիքից, իհարկե բոլորին սա չի վերաբերում: Մեր թիվ մեկ խնդիրը դա է դառնալու, թե ինչպես մտցնել այս մշակույթը, որ բնությունը պահեն, ոչ թե աղտոտեն»,- այս մասին կառավարության նիստից հետո խոսելով «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին՝ ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն, անդրադառնալով մեքենայից աղբ նետելու արատավոր դրսևորումներին:
Նախարարը տեղեկացրեց, որ քարոզչություն է տարվելու, հոլովակներ են պատրաստվելու, գլխարկներ, բաժակներ են պատրաստվելու, սակայն դրանց համար պետական միջոցներից ծախսեր չեն արվելու, այլ անելու է մասնավորը:
«Աղբամանների մեծ կարիք ունենք, ու հաջորդ տարի մոտ 10 հազար աղբաման ենք գնելու, ավելացնելու ենք այն տարածքներում, որտեղ բաց են՝ մշակութային, եկեղեցական օբյեկտներում, զբոսաշրջային վայրերում»,- ասաց նա:
Դավիթ Լոքյանն ասաց նաև, որ աղբը թափելու համար տուգանք սահմանելու վերաբերյալ օրինագիծ են փոխանցել ՀՀ արդարադատության նախարարություն։
«Այն բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում մեքենայից աղբ նետելու, մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար, նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200-300 հազար դրամի»,-պարզաբանեց նախարարը: