Կառավարությունը հաստատել է «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրինագիծը
Կառավարության նիստում այսօր ներկայացվել է «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Հիմնավորման համաձայն, հանրագրեր ներկայացնելու իրավունքը` որպես քաղաքական իրավունք, կարևորագույն նշանակություն ունի անհատական և հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս ապահովելու հասարակության առավել լայն մասնակցություն և ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին: Հանրագրերի ինստիտուտը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում:
Օրինագծերի ընդունմամբ կստեղծվեն անհրաժեշտ իրավական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված` հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար: Օրինագծերով, մասնավորապես, նախատեսվում է, որ հանրագրերը կարող են ներկայացվել գրավոր կամ բանավոր եղանակով, դրանք կարող են լինել անհատական և կոլեկտիվ:
Հանրագրի առարկան կարող է վերաբերել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և հասարակական կյանքի այլ ոլորտներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների վերացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավմանը:
Նախագծով սահմանվում են նաև հանրագիր ներկայացրած անձանց իրավունքները և պարտականությունները, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին մասնակցելու իրավունքը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները:
Արդյունքում հանրագրերի ինստիտուտի ամրագրումը կապահովի հասարակության մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման գործընթացին: