211652_close_icon
views-count10198 դիտում article-date 15:53 20-07-2017

Մեծ մրցույթ ենք հայտարարելու, որ միջազգային օպերատորներն էլ մասնակցեն. Կարեն Կարապետյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Հայաստանում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը։ Ներկայացնելով նախագիծը՝ նախարարն ասաց, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Զեկուցողը նշեց, որ գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ և շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչը թույլ չի տալիս արդյունավետ կազմակերպել ուղևորությունը: Հիմնախնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: «Արձանագրային որոշման նախագծի ընդունման արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք քննարկումներ եղել են: «Ո՞ւմ համար ենք անում, օպերատորների հետ քննարկե՞լ եք»,- հարցրեց վարչապետը, իսկ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի քանիսի հետ քննարկել են։ «Մեծ մրցույթ ենք հայտարարելու, որ միջազգային օպերատորներն էլ մասնակցեն»,- հավելեց նախարարը:

Նմանատիպ նյութեր