Որոշ գերատեսչություններում բացակայում է մեկ պատուհանի հնարավորությունը
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ արտոնագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:
«Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրված լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին»,- ասաց նա։
Կարեն Կարապետյանը նշեց, որ միաժամանակ այն ծառայությունները, որ մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես իրավաբանական և ֆիզիկական անձանց արտոնագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն:
«Ավելին՝ որոշ գերատեսչություններում բացակայում է պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմը կամ մեկ պատուհանի հնարավորությունը»,-ասաց նա:
Այսպիսով` հաշվի առնելով վերոնշյալը վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1 ամսում մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների արտոնագրերի, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու և այլ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղ ժամկետներ: Կառավարության աշխատակազմի ղեկավարին նա հանձնարարեց սահմանել վերահսկողության այս կետի կատարման վերաբերյալ:
«Կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցել: Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք: Մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվեն: Հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը երևի գիտի, որովհետև որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»,- հավելեց Կարեն Կարապետյանը: