211652_close_icon
views-count77414 դիտում article-date 12:00 20-07-2017

Արտակարգ դեպք Գյումրիում. դանակահարվել է տարիներ առաջ Շիրակի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մեղավորը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վերքերով անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված տղամարդու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Կումայրիի ոստիկանապետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալու, Շիրակի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Դիլանյանն է։ Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ինքնությունը չեն հայտնում։ Ֆոտորագրողը հայտնում է, որ վիրավոր Ա. Դիլանյանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 9 ամիս ազատազրկման, և որպես պատիժ կրող՝ գտնվում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում և համարվում էր բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ։ Նա տարիներ առաջ մասնակցություն է ունեցել ողբերգական ավտովթարի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում՝ «Ռելաքս» գիշերային ակումբի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ, կատարում են քննչական տեղազննություն, որտեղ էլ, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների, տեղի է ունեցել դանակահարությունը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր