Հայաստանում մեկ պետական լեզու է, և այդպես լինելու է միշտ. Արմեն Հովհաննիսյան
«Եկեք տարանջատենք արևմտամետ և ռուսամետ մոտեցումները լեզվի խնդրից և մեր պետական ինքնորոշման խնդրից: Կան ծայրահեղականներ, որոնք, այո, կարծում են, որ Հայաստան պետություն ընդհանրապես չի կարող լինել, պետք է լինի ռուսական մարզ ՌԴ կազմում: Բայց բնականաբար, դրանք չնչին փոքրամասնություն են: Այդ չնչին փոքրամասնությունը բոլոր իմաստներով պետք է արհամարհել»,- այսպիսի առաջարկություն արեց «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանը «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալը» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա կարծիքով, լեզվի հանդեպ հասարակության վերաբերմունքը մեր հիմնարար արժեքներից է, որը միավորում է մարդկանց՝ անկախ համոզմունքներից, սոցիալական խմբերից և այլն: Ճնշող մեծամասնության համար հայերենի պաշտոնական վիճակը փոփոխելն անընդունելի է:
«Ինչ վերաբերում է այն մարդկանց, ում մեջ դրական սպասումներ են արթնանում ռուսերենը պետական լեզու ընդունելուց, ապա նրանք շատ մեծ հնարավորություն ունեն ապրելու երկրներում, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, դրանք մի քանիսն են և բացարձակ հարմարավետ կարող են գնալ ապրել Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և այլն: Հայաստանում լինելու է մեկ պետական լեզու: Եղել է 70-ական թվականների վերջից, նույնիսկ Խորհրդային ժամանակներից և այդպես լինելու է միշտ»,- հայտարարել է Արմեն Հովհաննիսյանը: