Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դահլիճում կանցկացվի գիտաժողով` նվիրված Կարո Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյակին
Հուլիսի 17-ին, ժամը 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դահլիճում (ք. Երևան, Տերյան 74), «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվի «Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան» թեմայով հանրապետական գիտաժողով` նվիրված հնագետ, վիմագրագետ, պատմաբան, թանգարանագետ Կարո Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյա հոբելյանին:
Մեծ ներդրում ունենալով պատմական հուշարձանների պահպանության, պեղումների և ուսումնասիրությունների գործում` Ղաֆադարյանը միաժամանակ հանրահռչակել է հուշարձաններն ու վիմագրական արձանագրությունները, հրատարակել գրքեր, հոդվածներ: 1936-1939 թթ. նա կազմակերպել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի առաջին գիտական ցուցադրությունը, 1940-1964 թթ. եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրենը, 1946-1976 թթ. ղեկավարել է Դվինի արշավախումբը: Անվանի գիտնականը համարվում է Հայաստանում թանգարանային ցուցադրությունների գիտական նախագծման հիմնադիրը:
Իր գիտական-ստեղծագործական կյանքի ավելի քան հինգ տարիները Ղաֆադարյանը նվիրել է հին և միջնադարյան ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի ժառանգության հավաքման, խմբագրման, ծանոթագրության և տպագրության կարևոր գործին:
Զեկուցումներով հանդես կգան ճանաչված գիտնականներ` Մուրադ Հասրաթյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Ֆրինա Բաբայանը, Նյուրա Հակոբյանը, Հայկ Ավետիսյանը և այլք` ներկայացնելով Կարո Ղաֆադարյանի անգնահատելի ավանդը հայ մշակույթի ու գիտության ոլորտում:
[b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
[/b]