211652_close_icon

Անառողջ բնազդների արտանետումները թունավորում են մթնոլորտը. «Առավոտ»

views-count10406 դիտում article-date 10:56 14-07-2017
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Առաջ, երբ չկային ֆեյսբուքն ու համացանցը, ես չգիտեի, որ այդքան շատ են մարդիկ, որոնց կյանքի իմաստը թույն ու թարախ թափելն է: Գուցե հենց համացանցն է ստիպում այդ մարդկանց նման ձևով դրսևորվել: Համենայնդեպս, հայերերն գրող համացանցային օգտատերերի մեջ ինձ հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց պարտքն են համարում հենց այս տիրույթում դրսևորել իրենց չկամությունը, խանդը, նախանձը, և մնացած մթին բնազդները: Երբ ես տեսնում եմ մեր այդ կարգի «մեկնաբանների» անունները, իսկ ավելի հաճախ կեղծանունները, ես պարզապես նրանց գրածները չեմ կարդում: Կարծում եմ՝ նրանք ինձնից չեն նեղանա, հո իմ համար չեն գրում, իրենց սիրտն են հովացնում: Բայց խուսափել բոլոր նման զեղումներից, հնարավոր չէ: Օրինակ, երեկ հայտնի է դարձել, որ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույց է վերցրել նախագահից: Անձամբ ես ուրախ եմ, որ ինձ մոտիկ մարդուն դա հաջողվել է: Բայց եթե նույնիսկ մոտիկ չլիներ, գործընկերոջ աշխատանքը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Սակայն իմ նկարագրած մարդկանց համար դա հարմար առիթ է «ֆշշացնելու» լրագրողի հասցեին: Թեման, մասնավորապես, հետևյալն է.« Իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչու ոչ ես, այ, եթե ես լինեի, ես այսպիսի «քլնգող» հարցեր կտայի»: Մի խոսքով՝ էլի անառողջ բնազդների արտանետումներ, որոնք թունավորում են մթնոլորտը: Վերջին նման զեղումն էր նաև Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ չարության բռնկումը: Երբեք չէի մտածի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք «վառված» են այդ անձնավորությունից: Արցախյան շարժման հաղթանակից հետո 90-ականներին նա հավատարմորեն ծառայում էր պետությանը՝ նախարար լինելով, մի չոփ անգամ չէր պահել իր համար: Որպես ընդդիմադիր՝ այո, սուր քննադատության էր ենթարկում իշխանության քայլերը, բայց ոչ թե հայհոյանքներ է շաղ տվել, այլ առաջարկել է ուղիներ, որոնք, մասնավորապես, արտաքին քաղաքականության մեջ, իր կարծիքով, շահեկան կլինեն մեր պետության համար: Կարծում եմ՝ պարզապես խելամիտ չէր լինի չօգտագործել նման մարդկանց փորձը: Արզումանյանի՝ դեսպան նշանակելու առթիվ երբեմն արտահայտվում է հետևյալ դատողությունը. «Այո, պրոֆեսիոնալ դիվանագետ է, բայց այս ռեժիմի օրոք նրա պրոֆեսիոնալիզմը ոչ մեկին պետք չէ»: Դա, փաստորեն, նշանակում է հետևյալը՝ մինչև չլինի այն «ռեժիմը», որը մեզ դուր է գալիս, բժիշկները չպիտի բուժեն, ուսուցիչները չպիտի դաս տան, գյուղացիները չպիտի հող մշակեն: Ցանկալի է ընդհանրապես ոչ մի բան չանել, պառկել բազմոցին և հայհոյել, մինչև որ Աստված մեզ մի հատ «լավ ռեժիմ» չուղարկի: Դա էլ է տարբերակ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր