211652_close_icon
views-count8043 դիտում article-date 23:15 10-07-2017

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը [url=http://www.osce.org/odihr/elections/armenia/328556]հրապարակել է[/url] ՀՀ-ում 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքներով կազմված վերջնական զեկույցը։ Զեկույցում ասվում է, որ ընտրությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, հարգվել են հիմնական ազատությունները, և թեկնածուները հնարավորություն են ունեցել առանց սահմանափակումների քարոզարշավներ անցկացնել: Ուշադրություն դարձնելով ընտրական գործընթացում հանրային վստահության ընդհանուր բացակայության վրա՝ զեկույցի հեղինակները կոչ են արել իշխանություններին և քաղաքական կուսակցություններին ջանքեր գործադրել՝ կանխելով ձայների վաճառքը և քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ցանկացած տեսակ՝ օրինակ, քարոզչական միջոցառումներին մասնակցելը կամ հատուկ ձևով քվեարկելը: Զեկույցում ողջունվում են վերջին իրավաբանական բարեփոխումները և առաջարկվում է հասցեագրել օրենքի մնացած բացթողումները և երկիմաստությունները՝ ներառյալ քարոզչությունը, քարոզարշավների ֆինանսական կողմի կարգավորումները, ինչպես նաև՝ բողոքների և բողոքարկումների օրինավոր կազմակերպումն ու ժամկետները: Օրենքի միասնական կիրառումն ապահովելու համար զեկույցի հեղինակները ԿԸՀ-ին խորհուրդ են տալիս հստակ որոշումների միջոցով հստակեցնել իրավական դրույթները և լրացուցիչ ուղղորդումներ տրամադրել ստորադաս հանձնաժողովներին: Նշելով, որ ընտրությունները լավ կազմակերպված էին, զեկույցը քաջալերում է բարձրացնել քվեարկության հետ կապված ընթացակարգերի հասանելիությունը ֆիզիկական հաշմանդամություն և թույլ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Զեկույցում նաև խորհուրդ է տրվում ավելի հասանելի և մատչելի կրթական նյութեր տրամադրել ընտրողներին: Գովելով ընտրացուցակների բարելավված վիճակը՝ զեկույցի հեղինակներն իշխանություններին կոչ են անում շարունակել առանց ամբողջական հասցեի ընտրողների քանակի նվազեցմանն ուղղված միջոցները: Հեղինակները դրական են գնահատել ընտրատեղամասերում ստորագրված ընտրաթերթիկների սկանավորումը և հրապարակումը՝ որպես ընտրակեղծարարության դեմ պայքարի կարևոր գործոն, սակայն իշխանություններին խորհուրդ են տվել միջոցներ ձեռնարկել՝ ընտրողների անհատական տվյալների գաղտնիությունը պահպանելու համար: Քարոզարշավների ընթացքում լրատվամիջոցների գործունեության թերությունների մասին խոսելիս հեղինակները կոչ են անում հատուկ ուղեցույցներ սահմանել մեդիա վարքագծի վերաբերյալ՝ բարելավելով լրատվամիջոցների մոնիթորինգի մեթոդները և լրատվամիջոցները կարգավորող մարմնի լիազորությունները տարածելով պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանից դուրս: Քարոզչության ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունը և թափանցիկությունը բարելավելու համար զեկույցի հեղինակները նշում են, որ Վերահսկման և աուդիտի ծառայությունը պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ, տեխնիկական գիտելիքներ և անկախություն: Զեկույցի այլ առաջարկների թվում դիտորդական խմբերի ծանրաբեռնված ընթացակարգերի վերացումն է, որի նպատակն ընտրական գործընթացների լիարժեք թափանցիկության ապահովումն է:

Նմանատիպ նյութեր