Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե տաճարում մշակութային փառատոն է անցկացվել
Հուլիսի 7-ից 9-ը Ռումինիայի Դումբրավեն քաղաքում անցկացվեց Դումբրավենի մշակութային փառատոնի 4-րդ թողարկումը, որը կազմակերպել էին Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանի հովանու ներքո:
Փառատոնին ներկա էին և ողջույնի ու գնահատանքի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանը, փառատոնի կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:
Փառատոնին ներկա էին նաև հյուրեր մայրաքաղաք Բուխարեստից, Կլուժից, նահանգային կենտրոն Սիբիուից, Դումբարվենի մերձակայքից և Ռումինիայի Հայոց միության ղեկավարներ և ներկայացուցիչներ Բայա Մարեից, Ռոմանից, Թըրգու Օկնայից ու այլ վայրերից:
Փառատոնի շրջանակներում Դումբարվենի 300-ամյա հայ կաթողիկե Սբ. Եղիսաբեթ տաճարում վոկալ և գործիքային համերգային կատարումներով հանդես եկան հանրահայտ խմբեր և մենակատարներ, այդ թվում «Ad Libitum Voices» վոկալ խումբը և «Cellissimo» թավջութակահարների հռչակավոր կվարտետը հնչեցին Հենդելի, Հայդնի, Շումանի, Շուբերտի, Վագների, Ռիմսկի-Կորսակովի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորներ՝ Դավիթ Պոպի և Պյացոլայի ու այլոց ստեղծագործությունները:
[img]http://shamshyan.com/ups/images/089360300149970811551851.jpg[/img]
Դումբարվենի մշակույթի տանը դասական համերգ-դասախոսությունով հանդես եկան հռչակավոր դաշնակահար Հորիա Միհաիլը և թավջութակահար Ռազվան Սուման:
[img]http://shamshyan.com/ups/images/0057111001499708060621096.jpg[/img]
Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, կայացավ նկարիչ Իոն Անգելի դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը և «Բարոկկո արվեստը Տրանսիլվանիայում» սիմպոզիումը, ուր ելույթ ունեցան ռումին հայտնի գրող և նկարիչ դոկտ. պրոֆ. Գեորգե Անգելը և արվեստաբան Միրչա Օլիվը:
Փառատոնի մասնակիցների և հյուրերի համար հայկական ավանդական խոհանոցը ներկայացրեց Պաուլ Հակոբյանը:
Դումբրավենի մշակութային փառատոնի վերաբերյալ մի շարք արձագանքներ եղան ռումինական ԶԼՄ-ներում: