211652_close_icon
views-count1941 դիտում article-date 21:50 28-07-2022

Սյունիքի մարզում տեղի կունենա հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-11-ը տեղի կունենա «Նավասարդ» խորագրով Հայ - Իրանական մշակութային, խոհանոցային փառատոն։

Ինչպես հայտնում են Տուրիզմի հայկական ֆեդերացիայից, փառատոնը նախատեսվում է իրականացնել երկու օր: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարտա - Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմնական մասը՝ կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին տեղի կունենա մրցանակների շնորհման արարողություն։

Օգոստոսի 11- ին ժամը 03:00-05:00 նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով, որտեղ լարային քառյակը կներկայացնի նաև հայ դասական երաժշտություն։ Ժամը 04:00-ին Հայկ համաստեղության ծագման պահին ջութակով կհնչի Կոմիտասի Կռունկը։

Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։

Նմանատիպ նյութեր