211652_close_icon
views-count8906 դիտում article-date 18:10 07-07-2017

ԵՄ-ն լուրջ է վերաբերվում Հայաստանի էներգետիկ անկախության հարցին․ Սվիտալսկի

Եվրամիությանը ցանկանում է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, որը մասնակցում էր Եվրամիության ֆինանսավորմամբ Երևանում Մոսկովյան փողոցի վրա «Պատանի հանդիսատեսի թատրոնի» դիմաց կառուցված արևային էներգիայով աշխատող կանգառի բացմանը: «Ուղերձը շատ հստակ է․ Եվրոպական միությունը խթանում է ավելի էժան, մաքուր էներգիայի արտադրությունը՝ նպաստելով Հայաստանի էներգետիկ անկախությանը: Եվրոպական միությունը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանի անկախությանն աջակցելու հարցին, իսկ էներգետիկ անկախությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր երկրների համար: Այստեղ իրականացվող մեր ծրագրերի զգալի մասի թիրախում Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդումն է: Էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերում մենք արդեն ներդրել ենք ավելի քան 30 միլիոն եվրո: Այս գումարի մեծ մասը ծախսվում է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրալարերի անցկացման վրա, քանի որ, մեր կարծիքով՝ դա կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախությանը»,- հայտարարեց Պյոտր Սվիտալսկին: «Արևային էներգիան ձերն է, դրա կիրառման դեպքում դուք կախում չեք ունենա որևէ այլ երկրից: Հայաստանի նման երկրի համար, որը չունի ածուխ, գազ կամ նավթ, սա իսկապես էներգիայի կարևորագույն աղբյուր է: Ի լրումն, սա նաև մաքուր էներգիա է»,- շարունակեց Եվրամիության դեսպանը: Հարցին՝ արդյո՞ք այս ծրագրերը նաև Հայաստանի էներգետիկ ոլորտը Ռուսաստանի գերակա ազդեցությունից որոշակիորեն դուրս բերելու հեռահար քաղաքական նպատակ ունեն, դեսպան Սվիտալսկին արձագանքեց․ «Մենք չենք մտածում քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործոնների մասին: Մենք մտածում ենք հասարակ հայերի մասին, որպեսզի նրանք ունենան ավելի էժան ու մաքուր էներգիա: Մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի արդյունավետությունն ու նոր տեխնոլոգիաները բարելավում են հայաստանցիների կյանքը»: Եվրամիության դեսպանն այսօր ընդգծեց, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում այօրվանից պետք է ներդրումներ կատարել, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ունի «բացառիկ բարենպաստ» կլիմայական պայմաններ արևային էներգետիկայի զարգացման համար: «Կարծում եմ, որ Հայաստանը անհրաժեշտ 3 գործոնն էլ ունի՝ բնություն, արև, մարդիկ, մարդկանց ուղեղները, որոնք դառնում են համապատասխան տեխնոլոգիաներ: Բայց այստեղ կա մեկ այլ գործոն՝ ներդրումները: Մենք գտնում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ այս գործոնը ևս հասանելի կլինի»,- շեշտեց նա: Կանգառում էլեկտրականությունը ստացվում է տանիքին տեղադրված արևային վահանակի շնորհիվ: Արևային էներգիայով աշխատող երկրորդ «Եվրամիության ավտոբուսային կանգառը» գտնվում է Բաղրամյան պողոտայի վրա: Կանգառներից յուրաքանչյուրի կառուցման համար Եվրամիությունը ծախսել է 6 հազար եվրո: «Այս արևային վահանակներն այստեղ կմնան 1 տարի, դրանից հետո փորձելու ենք դրանք տրամադրել այլ հաստատությունների՝ դպրոցների կամ մանկապարտեզների»,- տեղեկացրեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նմանատիպ նյութեր