211652_close_icon
views-count4111 դիտում article-date 15:16 07-07-2017

Գոշավանք վանական համալիրում կայացել է դատական կարգադրիչների երդման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2017 թվականի հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրը, կայացել է առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցած աշխատակիցների երդման հանդիսավոր արարողությունը: Գոշավանք վանական համալիրում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզի ուժային կառուցների ղեկավարներ և այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես է եկել Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը՝ իր խոսքում մասնավորապես նշելով, որ դատական կարգադրիչների ծառայության հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածություն և հայրենասիրություն: Այնուհետև տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ նորանշանակ 32 դատական կարգադրիչ խոստացել են իրենց վերապահված լիազորությունները կատարելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականությունները և բարձր պահել դատարանի հեղինակությունը: Ելույթով հանդես է եկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Շնորհավորելով նորանշանակ դատական կարգադրիչներին՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք խորությամբ կընբռնեն երդման խորհուրդը և ծառայությունը կիրականացնեն իրենց տված երդմանը համապատասխան և այն գիտակցմամբ, որ նաև յուրաքանչյուրի գործունեությունից է կախված դատական համակարգի և դատարանների բնականոն գործունեությունը։ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խոսքով, երդման պահպանումը դատական կարգադրիչի ծառայողական կարգապահության անքակտելի մասն է, այն առանձնահատուկ իրավական կարգավիճակ ունի և միաժամանակ՝ դատական կարգադրիչի վրա է դնում ոչ միայն օրինականության ռեժիմի պահպանման պարտականությունը, այլև այլ սոցիալական կարգավորիչներ, ինչպիսիք են՝ բարեխղճությունը, հանդուրժողականությունը, համբերությունը, զսպվածությունը, ազնվությունը և այլն, առանց որոնց գրեթե անհնար կլինի իրականացնել արդյունավետ ծառայությունը։ «Երդում տալ նշանակում է պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները, անշեղորեն պահպանել օրինականությունը, կարգապահությունը, բարձր պահել մասնագիտական արժանապատվությունը և դատական համակարգի հեղինակությունը, մշտապես սովորել, զարգացնել ծառայության լավագույն ավանդույթները»,-նշել է Կարեն Փոլադյանը։ Երդման արարողությանը հաջորդել է ծառայողական վկայականների հանձնման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Սահմանադրության օրվա առթիվ և ծառայողական պարտականություններն ու առաջադրանքերը պատշաճ կատարելու համար՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի և Դատական կարգադրիչների ծառայության պետի հրամաններով՝ ծառայության մի շարք աշխատակիցներ արժանացել են կոչումների և պարգևների, իսկ Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը ՀՀ Երկրապահ կամավորական միության կողմից պարգևատրվել է «Եռասերունդ երկրապահ» հոբելյանական մեդալով: Ելույթով հանդես է եկել և դատական կարգադրիչներին շնորհավորել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Վճռաբեկ դատարանի նախագահը խոսել է դատական կարգադրիչի կարևոր ու պատասխանատու առաքելության մասին, նորանշանակ դատական կարգադրիչներին մաղթել քաջառողջություն, ուժ, կորով, հույս հայտնելով, որ ամենայն պատասխանատվությամբ ու ողջախոհությամբ են վերաբերվելու առկա մարտահրավերներին և հետաքրքիր, բայց բարդ ծառայությանը: «Դատարան առաջինը մուտք գործողը տեսնում է դատական կարգադրիչին։ Ձեր կեցվածքից, հագուստից, բարեհամբույր, բայց խիստ, պարկեշտ, բայց պահանջկոտ վարվելաձևով է պայմանավորված, թե ինչ կարգ ու կանոն կլինի դատական նիստի ժամանակ, ինչքանով ապահովված կլինեն դատավորի անվտանգությունը, դատավարության մյուս մասնակիցների կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը»,-ընդգծել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Դատական կարգադրիչներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է ուղղել նաև Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ոսկեզոծ «Նոր կտակարան» նվիրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին և աղոթքով ամփոփել հանդիսավոր արարողությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր